Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Տեղի ունեցավ կիբեռանվտանգությանը նվիրված «BSides Yerevan 2024» համաժողովը
20/05/2024 18:39

Տեղի ունեցավ կիբեռանվտանգությանը նվիրված «BSides Yerevan 2024» համաժողովը

Մայիսի 18-19-ը տեղի ունեցավ կիբեռանվտանգությանը նվիրված «BSides Yerevan 2024» ամենամյա ոչ ֆորմալ համաժողովը:

Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության մասնագետները` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հանդես եկան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։

Համաժողովն իրականացվում է մայիսի 18-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Կիբեռանվտանգության շաբաթ 2024»-ի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և ՁԻՀ-ի «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։

Bsides-ը հարթակ է, որտեղ ոլորտի փորձագետներն ու մասնագետները հնարավորություն ունեն կիսվելու կիբեռանվտանգության ոլորտում իրենց փորձառություններով ու հետազոտություններով։ «BSides Yerevan 2024»-ի ընթացքում բարձրաձայնվեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են կիբեռհարձակումների դրդապատճառներին, անվտանգության տարբեր սպառնալիքներին, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգներին և այլն։

Համաժողովի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  «CyHub Armenia» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը հանդես եկավ բացման խոսքով։ Նա նշեց, որ նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները կարևոր են ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման, համայնքում մասնագիտական կապերի ամրապնդման, երիտասարդ մասնագետների ներգրավման համար։

«BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող և ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրների 220 քաղաքներում։ Ի տարբերություն այլ համաժողովների՝ այն ավելի մտերմիկ, ընկերական մթնոլորտում է անցկացվում և հնարավորություն է տալիս բարձրաձայնել տարբեր հարցեր ու քննարկել մի շարք լուծումներ։ Մենք այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ մեր երկրում ևս կա ձևավորված մասնագիտական համայնք և բարձր հետաքրքրություն կիբեռանվտանգության ոլորտի վերաբերյալ։ Հուսով ենք՝ համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերն ու ելույթները կնպաստեն կիբեռանվտանգության ոլորտի տարածմանը և զարգացմանը Հայաստանում»,- նշեց Մարի Բարսեղյանը։

Խոսելով համաժողովի ընթացքում ձևավորվող համայնքի, համագործակցության և կապերի ամրապնդման մասին՝ համաժողովի խոսնակ, Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Վարդանեանը նշեց, որ նմանատիպ համաժողովները հաճախ ծառայում են որպես ինկուբատորներ՝ նոր գաղափարների, նախագծերի և կիբեռանվտանգության համայնքում համագործակցության համար: «Ներկաները հնարավորություն ունեն մտքեր փոխանակել, համագործակցել նախագծերի շուրջ և նույնիսկ սկսել նոր նախաձեռնություններ, որոնք նպաստում են ոլորտի առաջխաղացմանը: Համաժողովը լայն հնարավորություն է բացում մասնագետների համար՝ զարգացնելու հմտությունները, անկախ նրանից սկսնակ մասնագետ ես, թե արդեն ոլորտում կայացած փորձառու»։

Կիբեռանվտանգության շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը՝ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազամավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ և խորը տեխնիկական թեմաներ։ Շաբաթը կեզրափակի «Bug Bounty» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը:

Լրահոս