Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Հայտնի են WITSA ստարտափների համաշխարհային գավաթին 16 երկրների շարքում Հայաստանը ներկայացնող ստարտափների անունները
20/08/2024 18:38

Հայտնի են WITSA ստարտափների համաշխարհային գավաթին 16 երկրների շարքում Հայաստանը ներկայացնող ստարտափների անունները

Տեղի ունեցավ WITSA-ի ազգային` հայաստանյան փուլի մրցույթը, որին ներկայացված 9 ստարտափներից 2-ը բացառիկ հնարավորություն ստացան ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և Հայաստանը միջազգային հարթակում՝ ի թիվս 16 երկրների ներկայացնելու համար: Text’nPayMe և AllClean ստարտափները հոկտեմբերին կներկայացնեն Հայաստանը WITSA-ի համաշխարհային գավաթի ընթացքում։

WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երևանում, 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Ուրախ եմ ողջունել բոլորին այս կարևոր օրը։ Այսօր մենք կանգնած ենք նորարարության և տեխնոլոգիաների զարգացման նոր շեմին, և ես անչափ ուրախ եմ, որ Նորարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT2024-DigiTec-ը, ստեղծելու է միջավայր այդ թվում նաև հայկական ստարտափների համար՝ իրենց գաղափարներն ու լուծումները միջազգային հարթակում ներկայացնելու, այս բացառիկ հնարավորությունը օգտագործելու համար։ Ես վստահ եմ, որ ընտրված նորարար լուծումները պատվով կներկայացնեն Հայաստանը և կհայտնվեն տեխնոլոգիական աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WITSA World Cup միջազգային մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական փուլի ժյուրիի կազմում էին`

– Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ,

– Դմիտրի Ստեփանովը, Yandex-ի նոր պրոդուկտների գծով տնօրեն,

– Սոնա Մամյանը, 10web․io զարգացման տնօրեն

– Հայկ Հայրապետյանը, IMAST հիմնադիր և AI9 համահիմնադիր։

WITSA-ի ազգային փուլի եզրափակչում մրցում էին հայկական early stage/pre-series A ստարտափներ, որոնց գործունեության ոլորտները ընդգրկում էին բժշկության, առողջապահության, բանկային, առևտրի, բիոնիկ ձեռքների ստեղծման, թվային գովազդների օպտիմալացման ոլորտները։

Ազգային հանձնաժողովը ստարտափների ընտրությունը կատարել էր գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝ նորարարություն, հաճախորդների ներգրավում, մասշտաբելիություն, տեխնոլոգիա հանուն բարօրության և ներուժ:

Հաղթող ճանաչված երկու ստարտափներն էին՝

Text’nPayMe-ն, որը վճարային նորարարական հավելված է, որը մասնագիտացած է բանկերի, ֆինանսական կորպորոցիաների, հեռահաղորդակցության և առցանց խանութների համար՝ առաջարկելով վճարային նորարարական լուծումներ, այն առաջադեմ վճարային ստեղնաշար է, որն ինտեգրվում է ցանկացած հավելվածում և հնարավորություն է տալիս օգտվողներին անվտանգ և հարմարավետ գործարքներ կատարել իրենց սիրելի սոցիալական ցանցերում, այլուր։

Allclean-ը, որը բնակելի տարածքների մաքրման ընկերություններին և տարածքների սեփականատերերին կապող հարթակ է՝ նպատակ ունի դյուրինացնելու մաքրման գործընթացը:

2024 թվականին WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցեն 32 ստարտափներ 16 երկրներից և 6 մայրցամաքներից, ինչը հայաստանյան ստարտափներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ներկայանալու և մրցելու գլոբալ հարթակում։ Միջոցառումը նպատակ ունի ընդգծելու հայկական ստարտափների՝ համաշխարհային հարթակում մրցելու հնարավորությունը՝ կենտրոնանալով նորարարության և ազդեցիկ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու ներուժի վրա:

Հայաստանում WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխության համակազմակերպիչներն էին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), SmartGateVC-ն, և Yandex Armenia-ն՝ որպես ազգային՝ հայաստանյան փուլի գործընկեր։

Դեռ մայիսին, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտարարեց 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացումը Հայաստանում՝ սերտ համագործակցելով ԴիջիԹեք Հայաստանի հետ։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, բարձր ճանաչում ունեցող ստարտափների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և շատ այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության մեծացման, ներդրումների կարևորության և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունը ընդգծող համաշխարհային հարթակ։ Վերջին տարիներին Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, իր շուրջն է համախմբել գլոբալ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։ Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: 2023-ին ԱՏՁՄ-ն կազմակերպել է միանգամից երկու ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն և հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Մինչև 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները ԴիջիԹեքի շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ։ ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան):