Կիրիլ Խոմյակով. Հայաստանը հետաքրքիր շուկա է, որտեղ տեսնում ենք աճող պահանջարկ և թվային ակտիվների գործնական կիրառման շատ հնարավորություններ
Հայաստանի ուժեղ տեխնոլոգիական միջավայրը, ակտիվ ձեռնարկատիրական համայնքը և նոր ֆինանսական գործիքների նկատմամբ աճող հետաքրքրությունը երկրի թվային ակտիվների շուկայի զարգացման կարևոր նախադրյալներ են։ Այս մասին նշել է Binance-ի Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը՝ անդրադառնալով Հայաստանի շուկայի հեռանկարներին, կարգավորող մարմինների հետ երկխոսությանը և բլոկչեյնի կիրառման հնարավորություններին։
Խոմյակովի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է տեխնոլոգիական կարողությունների և օգտատերերի պահանջարկի համադրությամբ։ ՏՏ ոլորտը հիմք է ստեղծում նոր լուծումների մշակման համար, իսկ թվային ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը՝ դրանց գործնական կիրառման հնարավորություններ։
«Մեզ համար Հայաստանը հետաքրքիր շուկա է, որտեղ տեսնում ենք աճող պահանջարկ և թվային ակտիվների գործնական կիրառման ավելի ու ավելի շատ հնարավորություններ», – ընդգծել է նա։
Միաժամանակ Խոմյակովը նշել է, որ Binance-ի՝ որևէ շուկայում գործունեության զարգացման որոշումները հիմնվում են տեղական պայմանների ուսումնասիրության վրա։ Ընկերությունը նախ գնահատում է օգտատերերի կարիքները, ֆինանսական համակարգի առանձնահատկություններն ու կարգավորող միջավայրը, ապա որոշում հետագա քայլերը։
«Մենք շուկան չենք զարգացնում պարզապես այնտեղ ներկայություն ունենալու համար։ Մենք ուսումնասիրում ենք օգտատերերի կարիքները, տեղական ֆինանսական համակարգը և կարգավորող միջավայրը, ապա դրանց հիման վրա որոշում հաջորդ քայլերը», – ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի կարգավորող մարմինների հետ երկխոսությանը՝ Խոմյակովը շեշտել է, որ ընկերությունը կարգավորումը համարում է հասուն շուկայի անհրաժեշտ բաղադրիչ և պետական մարմինների հետ համագործակցում է սահմանված ընթացակարգերի շրջանակում։ Այս գործընթացում Binance-ն իր դերը տեսնում է մասնագիտական փորձի փոխանակման մեջ։
«Մենք չենք սահմանում կանոնները, բայց կարող ենք կիսվել մեր փորձով», – նշել է նա։
Խոմյակովի խոսքով՝ տարբեր կարգավորվող շուկաներում աշխատանքը ընկերությանը հնարավորություն է տվել գործնական փորձ կուտակել կարգավորող պահանջներին համապատասխանության, անվտանգության ապահովման և ռիսկերի կառավարման ուղղություններով։ Binance-ը պատրաստ է այդ փորձը ներկայացնել մասնագիտական երկխոսության շրջանակում, եթե այն կարող է օգտակար լինել։
Հայաստանում ոլորտի հետագա զարգացման հնարավորությունները գնահատելիս Խոմյակովը կարևորել է նաև մասնագիտական ներուժը։ Նրա կարծիքով՝ երկիրն ունի տեխնոլոգիական հիմք՝ բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում կարողությունները զարգացնելու համար։ Հետագա առաջընթացը, սակայն, կախված է էկոհամակարգի զարգացումից, նոր նախագծերի ի հայտ գալուց և մասնագետների ձևավորումից։
Այս համատեքստում նա նշել է, որ Binance-ն ուշադիր հետևում է Հայաստանի շուկային, սակայն առայժմ չի ցանկանում խոստանալ ներկայության կոնկրետ ձևաչափեր, որոնք դեռ գոյություն չունեն։
Կայուն կրիպտոէկոհամակարգի ձևավորման համար Խոմյակովն առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ՝ հստակ կանոններ, կրթություն, անվտանգ ենթակառուցվածք և մասնագետներ։ Դրանց հետ մեկտեղ նա կարևորել է տեխնոլոգիական լուծումների գործնական արժեքը․ առաջարկվող պրոդուկտները պետք է արձագանքեն մարդկանց իրական կարիքներին և լուծեն կոնկրետ խնդիրներ։
«Եթե տեխնոլոգիան գոյություն ունի միայն հանուն տեխնոլոգիայի, լայն շուկա չի ձևավորվի։ Օգտատերը պետք է հասկանա, թե ինչու է իրեն անհրաժեշտ այդ պրոդուկտը, և ինչ խնդիր է այն լուծում», – ընդգծել է նա։
Խոսելով կրիպտոարժույթներից բացի բլոկչեյնի այլ կիրառությունների մասին՝ Binance-ի տարածաշրջանային ղեկավարը Հայաստանի համար ուշադրության արժանի ուղղություններ է համարել թոքենացումը, միջսահմանային ֆինանսական ծառայությունները, թվային նույնականացումն ու տվյալների փոխանակումը։
Նրա խոսքով՝ այս ուղղություններից յուրաքանչյուրում տեխնոլոգիայի կիրառման նպատակահարմարությունը պետք է գնահատել դրա բերած գործնական արդյունքով՝ արդյոք այն օգնում է խնդիրը լուծել ավելի արդյունավետ, արագ կամ ավելի ցածր ծախսերով։
«Հիմնական հարցը պետք է շատ պարզ լինի՝ ո՞ր խնդիրն ենք բլոկչեյնի շնորհիվ լուծում ավելի լավ, ավելի արագ կամ ավելի ցածր ծախսերով։ Եթե այս հարցին համոզիչ պատասխան կա, ուրեմն կա նաև գործնական կիրառման իրական հնարավորություն», – եզրափակել է Կիրիլ Խոմյակովը։
-
12:38 13/10/26Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր
-
16:14 29/09/26«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team Telecom Armenia-ն՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր
-
12:11 22/09/26Team Telecom Armenia-ն՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
-
15:54 11/09/26Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում








