Օգոստոս, 2021
August 2021
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
18/04/2021 15:19

Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ապրիլի 16-ին կայացած 20-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով:

ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Հնչել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ողջույնի ուղերձը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է  միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքների ամփոփումը և 2021-2025 թթ․ ռազմավարությունը:

«2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա որպես փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել, իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք, բայց այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականացնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», – նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։

«ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են՝ կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր ծրագրերի իրագործման հարցում, քանի որ հենց համախմբման շնորհիվ են ծրագրերը հաջողության հասնում։ Այնուամենայնիվ, ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», – ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Միությունը 2019-2020 թվականների ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը»,- հայտնում են ԱՏՁՄ-ից։

«Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը մեզ վրա, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա գալիք սերունդների համար», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

20-րդ համագումարի քվեարկության արդյունքներով ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը, իսկ վարչության անդամներ են ընտրվել  «Instigate» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «VOLO» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «VMware» ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը, «E-Hayq» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «LimeTech» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը,  «Krisp» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «FimeTech (Chessify)» ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանը, «Team Telecom Armenia» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Leviathan» ընկերության ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «Mentor a Siemens Business Armenia» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Granatus Ventures» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Instigate Mobile» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, «Macadamian AR» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «X-Tech» ընկերության տնօրեն Արման Աթոյանը, իսկ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ընտրվել է վերստուգող:

ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավել ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների և Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով: