Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի. Հայաստանում մոբայլ բանկերների գրոհների ենթարկվածների բաժինն էապես կրճատվել է
01/07/2021 22:10

Կասպերսկի. Հայաստանում մոբայլ բանկերների գրոհների ենթարկվածների բաժինն էապես կրճատվել է

Հայաստանում մոբայլ բանկային տրոյացիների գրոհների 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է օգտատերերի 0,04%-ն այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,2-ական տոկոս։  

Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի հունվար-մարտին բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2021-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է Ճապոնիան (1,59%), երկրորդ տեղում Թուրքիան է (0,67%), երրորդում՝ Գերմանիան (0,40%).

Այդ հաշվետու ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 25 314 փաթեթ, ինչը 8528-ով պակաս է, քան 2020-ի չորրորդ եռամսյակում, և 16 801-ով պակաս, քան 2020-ի առաջին եռամսյակում։

Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին. դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբեռանվտանգության հիմնական կանոններին հետևելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունները։