Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
04/12/2018 13:56

Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները

 

Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց Startup Boost Weekend Vol3 միջոցառումը, որի նպատակն էր խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը ուսանողների շրջանում։ 

Այն հանդիսանում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն, և միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ստացան աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ և փորձելու իրականացնել դրանք Startup մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հանդիպեցին և աշխատեցին փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Երկրորդ օրվա ավարտին իրենց ամփոփված գաղափարները ներկայացրին փորձառու ժյուրիին:

Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն (Gonzalo Serrano), ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը, Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և ImpactAim Venture Accelerator-ի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշեց, որ մեծապես կարևորում է հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությունը միջոցառմանը, և որ ստարտափ մտածողությունը պետք է ձևավորվի հենց համալսարանական, ուսանողական տարիքից։ Նա նշեց, որ ընկերությունը նույնպես սկսել է որպես սթարթափ, այսօր արդեն հանդիսանում է առաջատար օպերատորներից մեկը, և միջոցառման արդյունքում նույնպես ակնկալում է նոր հետաքրքիր նախագծեր տեսնել։

ԵՄ -ի կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը նշեց, որ ծրագիրն արդեն երրորդ անգամ է աջակցում Startup Boost Weekend նախագծին, քանի որ հենց երիտասարդներն են տիրապետում այն ներուժին, որն անհրաժեշտ է զարգացնելու երկրի նորարարական և ՏՏ ոլորտները: Այս միջոցառումն առաջին քայլն է, որպեսզի նրանք հաջողությամբ մտնեն ձեռներեցության ոլորտ և ապագայում ստեղծեն  հաջողակ սթարթափ ընկերություններ՝ ի նպաստ երկրի զարգացման:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն իր ելույթի խոսքում ներկայացրեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող նորարարության և սթարթափ էկոհամակարգերին ուղղված միջոցառումները, քանի որ ԵՄ-ն այդ ոլորտները համարում է Հայաստանի տնտեսության զարգացման անկյունաքարերից և օժանդակում է ՀՀ կառավարության՝ երկիրը նորարարական և առաջատար տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու նպատակին:

Startup Boost Weekend Vol3-ը միավորել էր ուսանողների՝ նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

«Քաթըլիսթ» Բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը նշեց, որ Startup Boost Weekend-ը Հայաստանի սթարթափ էկոհամակարգի նախաձեռնություն է, որի նպատակը հայկական համալսարաններում ձեռներեցության խթանումն է: Փորձառու ձեռներեցները մենթորինգի միջոցով օգնում են թիմերին զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը։ Իրենք՝ կազմակերպիչները, ակնկալում են այս նախաձեռնության արդյունքները տեսնել առնվազն 5-7 տարի հետո, երբ մասնակիցներից մի քանիսը հիմնադրեն իրենց սեփական ընկերությունները` լինելով ավելի պատրաստված և հարուստ գիտելիքների պաշարով:

Երկու օրերի ընթացքում ձևավորվեցին 10 թիմեր, որոնք երկրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերին էին՝

Eventor – Անվճար և արագ մանկական ծննդյան միջոցառումների կազմակերպում՝ ելնելով մայրիկի սոցիալական էջերում նկատվող նախընտրություններից։

EyeZ – Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնող սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով կողմորոշվել շարժման ընթացքում։

PromoCar – Հարթակ, որը  միավորում է բրենդերն ու լրացուցիչ եկամուտ նախընտրող վարորդներին, ովքեր պատրաստ են բրենդավորված ավտոմեքենա վարել։

«Ռոստելեկոմ»-ի կողմից հաղթող թիմերին տրամադրվեցին 600 և 400 դոլարին համարժեք դրամային մրցանակներ առաջին և երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը ստացավ նաև հնարավորություն մասնակցելու ANEL Startup Incubator ծրագրին։

Startup Boost Weekend Vol3 միջոցառումը «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվեց՝ համագործակցելով Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող   «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ։

Startup Boost Weekend Vol3-ի կազմակերպմանը աջակցել են «Ռոստելեկոմ» Հայաստանը, Impact Aim-ը, Creatr-ը, Hero House-ը և CA Training and Consulting-ը:

Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիր

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանելու տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: