Գաղափարից գլոբալ շուկա. «Irava-Tech» համաժողովն ուղղված է ՏՏ ստարտափների իրավական կարողությունների զարգացմանը
Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, ներդրումների կառավարման և գյուտերի արտոնագրման թեմաներով մարտի 15-ին մեկնարկած երկօրյա «Irava-Tech» համաժողովն ուղղված է ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների իրավական կարողությունների զարգացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կազմակերպիչները «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ են, ովքեր իրավագիտություն են ուսումնասիրում աշխարհի լավագույն համալսարաններում, բանախոսները իրավունքի և տեխնոլոգիայի ոլորտների հայազգի առաջատար մասնագետներ են: Երևանում մեկնարկած միջոցառմանը տեսակապով միացավ Twitter-ի նախկին փոխնախագահ, ներկայում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանը, ով կիսվեց Թվիթերում և Ուբերում կառավարման արդյունավետ մոտեցումների իր փորձով:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսանողների կողմից տարվող աշխատանքը նոր չէ, նրանք անընդմեջ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպում տարբեր ոլորտներում: «Երկօրյա այս համաժողովը կազմակերպել են իրավաբանները, ովքեր սովորում են աշխարհի տասը լավագույն համալսարաններում, նրանք փորձում են այնտեղի լավագույն փորձը բերել Հայաստան»,-ասաց Ժաքլին Կարաասլանյանը: Նրա տեղեկացմամբ` «Լույսի» կրթաթոշակառուները շուրջ մեկ տարի ուսումնասիրել են դաշտը, հաշվի առել նախորդ տարվա համաժողովին հնչած հարցադրումները և Երևանում համախմբել մարդկանց, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կարող են օգնել սկսնակներին դուրս գալ միջազգային շուկաներ պաշտպանված արտադրանքով կամ գաղափարով: «Հայաստանը հնարավորությունների երկիր է, կարևոր է այս տաղանդը մշակել և ողջ աշխարհի համար բացահայտել»,-նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ համաժողովին մասնակցելու ցանկություն է հայտնել 200-ից ավելի մարդ, ովքեր գրանցվել են մեկ օրվա ընթացքում:
«Լույսի» կրթաթոշակառու, Բերկլիի համալսարանի Իրավաբանական դպրոցի ուսանող Նորայր Մեջլումյանի խոսքով` տեսնելով Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ներուժը, միևնույն ժամանակ նորարարական գաղափարները գլոբալ շուկաներում ներկայացնելու և մտավոր սեփականության պաշտպանության ողջ գործընթացներով անցկացնելու մարտահրավերները, դեռևս անցյալ տարի նախաձեռնեցին այս համաժողովի անցկացումը: «Եթե գաղափարը պաշտպանված չէ, այն ոչ մի բանի պետք չէ: Անցյալ տարի որոշեցինք, որ ՏՏ շուկայի վրա հիմնվենք և ըստ այդմ արդեն երկրորդ տարին է, որ անցկացնում ենք համաժողովը: Ունենք մասնագետներ Ավստրալիայից, Ամերիկայից, Անգլիայից, ովքեր խոսելու են ոչ միայն Հայաստանի շուկայից, այլև այն մասին, թե ընդհանրապես ինչին են նայում ներդրողները, երբ ցանկանում են գումար ներդնել քո գաղափարի մեջ»,-ասաց «Irava-Tech»-ի համահիմնադիրներից մեկը:
«Լույսի» կրթաթոշակառու, Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոցի ուսանող Լարա Մարգարյանը նշեց, որ իրենց նպատակը հայկական տեխնոլոգիական միտքը միջազգային շուկաներում ճանաչելի դարձնելն է: «Այստեղ՝ Հայաստանում իսկապես կան տեխնոլոգիական ոլորտի կենսունակ, խելացի ու լավ կրթությամբ մասնագետներ, որոնց մեր օգնությունն ենք առաջարկում, որպեսզի կարողանան գաղափարների փուլից մուտք գործել շուկա և ստանալ եկամուտ»,-ավելացրեց կրթաթոշակառուն:
Համաժողովի առաջին օրը կներկայացվեն արծարծվող թեմաների շուրջ աշխարհում գոյություն ունեցող մոտեցումները, իսկ երկրորդ օրը գործնական վարժանքների միջոցով առաջատար մասնագետները քայլ առ քայլ կբացատրեն նորարարական գաղափարն առաջ մղելու, դրանք պաշտպանելու ընթացակարգերը, որպեսզի կարողանան Հայաստանից սահուն ձևով անցում կատարել գլոբալ շուկաներում աշխատելուն:
Բանախոսների թվում են նաև ամերիկյան Salesforce ՏՏ ընկերության՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հանրային քաղաքականության գծով տնօրեն Սասուն Գրիգորյանը, SalesNative և Contexti ընկերությունների ռազմավարական խորհրդատու և հիմնադիր Սիդնի Մինասյանը, SmartGateVC վենչուրային ընկերության համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրներ, մտավոր սեփականության և արտոնագրման ոլորտներում մասնագիտացած առաջատար իրավաբաններ։
Անի Նազարյան
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է