Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ազդարարվեց Հայաստանում ավիատիեզերական առաջին մագիստրոսական ծրագրի մեկնարկը
12/07/2023 12:01

Ազդարարվեց Հայաստանում ավիատիեզերական առաջին մագիստրոսական ծրագրի մեկնարկը

Հուլիսի 10-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Ինժեներական ասոցիացիայի համատեղ ջանքերով հիմնված «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությունը:

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ձևավորել արդի մարտահրավերներին պատրաստ, գիտական և արտադրական, տեսական ու գործնական գիտելիքների հզոր պաշարով մասնագետների համայնք, որոնք կհանդիսանան Հայաստանում նշված ոլորտի զարգացման առաջամարտիկները, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես ճարտարագիտական հանգույցի դիրքավորմանը համաշխարհային շուկայում:

Միջոցառման մեկնարկին կայացավ նաև մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը,  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը:

«Սա մի հետաքրքիր մոդել է՝ կրթության, գիտության և արդյունաբերության կապի ընդլայնման և ապահովման համար, և ստեղծելու է միջավայր, որտեղ լինելու են ոչ միայն հետազոտություններ, գիտական աշխատանք, այլև ստեղծվելու է հնարավորություն՝ հիմնարար հետազոտությունները տեղափոխել ավելի կիրառական դաշտ և ստանալ կոնկրետ արդյունքներ»,- նշել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ ավիատիեզերական ոլորտն աշխարհում ամենաարդիական, ամենապահանջված և ամենաբարդ ուղղություններից է, որտեղ գործ ունենք գիտության բոլոր բնագավառների հետ, քանի որ տարբեր միջավայրերում աշխատող սարքերը լուծում են տարբեր խնդիրներ: Բագրատ Ենգիբարյանը նաև հավելել է, որ կրթական ծրագրի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը տեղական և միջազգային ոլորտի հեղինակավոր ընկերությունների հետ, որոնք լավագույն ուսանողներին կտրամադրեն կրթաթոշակներ։ Նախատեսվում է նաև համագործակցություն միջազգային առաջատար բուհերի հետ, որոնք հետագայում կրկնակի դիպլոմի շնորհման հնարավորություն կընձեռեն:

Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը նշել է. «Ծրագիրն իրականացվում է ժամանակին, և շատ պահանջված է։ Ավիատիեզերական ոլորտն աշխարհում այսօր շատ պահանջված է, և սա Հայաստանի համար հնարավարություն է զբաղվել ավելի մրցունակ հարցերով»։

Նշենք, որ ծրագիրը մշակվել և իրականացվում է մի շարք կազմակերպությունների և կենտրոնների գործուն աջակցությամբ, մասնավորապես՝

  • Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիան (NI  Armenia),
  • Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների ասոցիացիան,
  • ԱՏԳ-ն (Advanced Technology Group),
  • Երևան Աէրոսփեյս ինժեներինգը (Yerevan  Aerospace Engineering),
  • Հայկական աէրոտիեզերական գործակալությունը,
  • «Բազումք» ավիատիեզերական լաբորատորիան։

Սույն համագործակցությունը կնպաստի նաև բուհ-արդյունաբերություն համագործակցային մոդելի ամրապնդմանը՝ խթանելով աշխատաշուկայում  տարեցտարի աճող ճարտարագետների պահանջարկի բավարարմանը: