Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
DISQO. 13.5 մլն դոլարի ներդրում և 30 աշխատատեղ Հայաստանի ՏՏ ոլորտում
01/10/2018 09:09

DISQO. 13.5 մլն դոլարի ներդրում և 30 աշխատատեղ Հայաստանի ՏՏ ոլորտում

DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում,  նոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում: Ազգությամբ հայ հիմնադիրները զարգացման նոր փուլում տեխնիկական թիմը համալրում են հայաստանյան ավագ մասնագետներով՝ գնահատելով տեղի կադրերի նորարարական պոտենցիալն ու տաղանդը: Ներկայիս թափուր աշխատատեղերը ներկայացված են պաշտոնական կայքում՝ https://www.disqo.com/careers/: Առաջին փուլով DISQO-ն կհամալրվի 30 ավագ մասնագետով:

Ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քուչարյանը, ով ունի 20 տարվա փորձ որպես տեխնիկական տնօրեն, ձեռնարկատեր, խորհրդատու և ներդրող, շուտով կժամանի Հայաստան՝ անձամբ ծանոթանալու ՏՏ համայնքի և թիմի նոր անդամների հետ: Ավելին, պրն. Քուչարյանն այստեղ կանցկացնի խորացված դասեր,  հանդիպումներ և փորձի փոխանակում, որոնցից ամենախոշորը տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ հոկտեմների 18-ին՝ ժ. 19:00-ին:

Հատկանշական է, որ DISQO-ն Հայաստանում ստեղծում է հիմնական մասնաճյուղ՝ արտապատվերային (outsource) թիմի փոխարեն: Սա նշանակում է, որ ընկերությունը կրկնապատկում է իր պոտենցիալն ու ուժերը նոր մեծամասշտաբ հետազոտական նախագծերի համար: Հայաստանյան թիմը կշարունակի աշխատել ներկայիս հաճախորդների, ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնք աշխարհում խոշորագույնն են և ընդգրկված են Fortune 500-ի ցանկում:

«Հայկական ՏՏ համայնքն ունի որակյալ մասնագիտական ներուժ: Ուրախ ենք մեր ընկերության զարգացման վաղ շրջանում թիմը այստեղի տաղանդավոր մասնագետներով համալրելու կապակցությամբ: Վստահ ենք, որ նրանց օգնությամբ կարող ենք ստեղծել նոր գործիքներ ու պրոդուկտներ՝ միասին ընդլայնելով ընկերության մասշտաբները»,- նշում է DISQO-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը հավելում է. «Ոգևորիչ է այն փաստը, որ սա DISQO-ի՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող առաջին հիմնական գրասենյակն է, որը հիմնվել է առաջին խոշոր ֆինանսական ներդրման արդյունքում։ Սրանք դեռ ընկերության առաջին քայլերն են, բայց հեռանկարներ կան ավելի ընդարձակվելու, քանի որ արդեն կրկնակի թափով ենք աշխատելու երկու հավասարապես հզոր թիմերով»: 

Ընկերության հայաստանյան գրասենյակը  պաշտոնապես կգործի հոկտեմբեր ամսից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այսպիսով,  DISQO-ի  գործունեությունը նոր հեռանկարներ է խոստանում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և միջազգային շուկայի հետ երկրի տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:

Ընկերության մասին

DISQO-ն (www.disqo.com) հիմնադրվել է Լոս-Անջելեսում 2015 թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քուչարյանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսյանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերություններին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը և բրենդի առաջխաղացումը: Ընկերությունն առաջատարն է ոլորտում և ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ:

Ալֆա Էդիսոնի (Alpha Edison) և Բոնֆայր Վենչրսի (Bonfire Ventures) կողմից ստացած 13.5 մլն ԱՄՆ դոլար չափով Ա սերիայի ներդրման շնորհիվ DISQO-ն հնարավորություն է ստանում առաջարկվող ծառայությունների ցանկը համալրելու նոր հավելվածներով ու մեխանիզմներով, որոնք հետազոտում են սպառողի վարքագիծն ու կարծիքը: Ընկերությունն արդեն կկիրառի նաև արհեստական բանականաությամբ (AI) լուծումներ, ինչպես նաև կստեղծի նոր գործիքներ սպառողների իրական և ամբողջական պատկեր ձևավորելու համար: