Օգոստոս, 2020
August 2020
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը
27/07/2020 14:18

PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը

PicsArt վիզուալ ստեղծագործման աշխարհի ամենախոշոր պլատֆորմը հայտնել է D’efekt ընկերության և վիդեո էֆեկտների հավելվածի ձեռքբերման մասին:  Այս ստարտափը բազմիցս ներկայացվել է որպես Apple-ի «Օրվա հավելված» և առաջարկում է շարժման վրա հիմնված վիդեո էֆեկտներ:  D’efekt-ի երեք համահիմնադիրները կշարունակեն զարգացնել հավելվածը՝ PicsArt-ի ռեսուրսների ներդրման օգնությամբ:

Գործարքը ևս մեկ անգամ հաստատում է PicsArt-ի առաքելությունը և արհեստական բանականության նորարարությունների ներդրումը՝ իր 150 միլիոն ակտիվ օգտատերերին ներկայացնելով վիզուալ պատմվածքների ստեղծման յուրահատուկ մոտեցումներ։

«Մենք ավելի քան մեկ տարի է ինչ հետևում ենք D’efekt-ի հաջողություններին և շատ ուրախ ենք, որ նրանք կմիանան մեզ՝ միասին զարգացնելու ապագայի ստեղծագործական պլատֆորմը», – նշում է PicsArt-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:  «Սա բոլորի համար շատ շահավետ գործարք է.  PicsArt-ի միլիոնավոր ստեղծարար օգտատերերն այժմ կօգտվեն ավելի յուրօրինակ և նորարար վիդեո էֆեկտներից։ D’efekt-ի հիմնադիրներն աջակցություն կստանան պրոդուկտն էլ ավելի զարգացնելու համար, իսկ PicsArt-ն էլ միաժամանակ  միջազգային իր թիմը կհամալրի ստեղծագործ, տեխնիկապես ուժեղ ու տաղանդավոր նոր աշխատակիցներով»:

D’efekt-ն օգտատերերի տեսանյութերը վերածում է արվեստի գործերի՝ համաշխարհային կարգի աուդիո ռեակտիվության, օբյեկտների հայտնաբերման և ինտերակտիվ օբյեկտների միջոցով:  Միայն մեկ հպումով  օգտատերերը կարող են շարժման էֆեկտներ կիրառել մեկ անձի, բազմաթիվ մարդկանց կամ օբյեկտի վրա, ինչպես նաև խմբագրումներ կատարել տեսանյութի ֆոնի վրա:

D’efekt-ն ամերիկյան ընկերություն է, որի թիմն աշխատում է Հայաստանից։ Այն հիմնադրվել է երեք ստեղծարար ուղեղների՝ Վահագն Խաչիկյանի, Նանե Թումանյանի և Տաթևիկ Գասպարյանի կողմից:  Ներդնելով գեղարվեստական ​​մտածելակերպը և դիզայնի փորձված տաղանդը՝ D’efekt ընկերության թիմն իր ներդրումը կունենա  PicsArt-ի վիզուալ էֆեկտների զարգացման գործում․ նոր հնարավորություններ ընձեռելով պլատֆորմի օգտատերերին՝ համացանցը ցնցող տեսանյութեր ստեղծելու և TikTok-ի, Instagram-ի և նման այլ հարթակներում տարածելու համար:  D’efekt ծրագիրն անվճար հասանելի է iOS App Store-ում:

D’efekt հավելվածը հաջորդ շաբաթների ընթացքում կվերաբրենդավորվի PicsArt բրենդի ներքո և կհամալրի PicsArt հավելվածների ընտանիքը։

«Մեծ պատիվ է միանալ PicsArt ընկերությանը, որի հաջողություններին հետևել ենք առաջին օրից։ Մենք անհամբեր սպասում ենք, որ D’efekt-ը կդառնա ստեղծարար գործիքներով և հիանալի բովանդակությամբ հավատարիմ համայնք ունեցող այս ապրանքանիշի մի մասը», – նշում է D’efekt-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նանե Թումանյանը:  «Անհամբեր սպասում ենք նաև լավագույն էֆեկտները մատուցել տեսողական պատմություններ ստեղծողների ամբողջ սերնդին, այդպիսով հասանելի լինելով  միլիոնավոր մարդկանց»:

Նշենք, որ PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաև Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում և Մոսկվայում:

Լրահոս