Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Կասպերսկի» ընկերությունը պարզել է, թե ինչպես է կառուցված Malware-as-a-Service շուկան
25/07/2023 12:38

«Կասպերսկի» ընկերությունը պարզել է, թե ինչպես է կառուցված Malware-as-a-Service շուկան

 «Կասպերսկի» ընկերության փորձագետները պարզել են, թե ինչպես են կառուցված Malware-as-a-Service (MaaS – վնասաբեր ծրագրային ապահովումը (ՎԾԱ) որպես ծառայություն) ծառայությունները, ինչպիսի վնասաբեր ծրագրեր են առավել հաճախ տարածվում նման մոդելով և ինչպես է Malware-as-a-Service ծառայությունների շուկան կախված արտաքին իրադարձություններից:

Ուսումնասիրելով տարբեր աղբյուրներից, ներառյալ՝ համացանցի ստվերային հատվածից ստացված տվյալները, նրանք առանձնացրել են 97 ընտանիք, որոնք 2015 թվականից ի վեր տարածվել են MaaS մոդելով, և դրանք դասակարգել ըստ ՎԾԱ-ի թիրախների հինգ կատեգորիաների. շորթող ծրագրեր, ինֆոստիլերներ, ներբեռնիչներ, բեկդորներ և բոտնետեր: Ինչպես և սպասվել է, MaaS մոդելով տարածված ընտանիքների մեծ մասը շորթող ծրագրեր են եղել (58%), 24%-ը՝ ինֆոստիլերներ, իսկ մնացած 18%-ը բաժանել են բոտնետները, ներբեռնիչները և բեքդորները։

Թեև հայտնաբերված ընտանիքների մեծ մասը շորթող ծրագրեր են, դարկնետի համայնքներում ամենից հաճախ հիշատակվել են ինֆոստիլերների ընտանիքները: Ծածկագրող ծրագրերն ստվերային ֆորումներում ակտիվությամբ զբաղեցնում են երկրորդ տեղը: 2021-ից սկսած դրանց հիշատակումների թիվն աճում է, մինչդեռ բոտնետների, բեքդորների և ներբեռնիչների հիշատակումների թիվն աստիճանաբար նվազում է։

Ստվերային ֆորումներում ՎԾԱ-ի տարբեր ընտանիքների հիշատակումների քանակը հարաբերակցվում է աղմկահարույց կիբեռհարձակումների և կիբեռհանցավոր համայնքի կյանքում տեղի ունեցող այլ իրադարձությունների հետ: Օպերատիվ և հետահայաց վերլուծության միջոցով փորձագետներն առանձնացրել են ՎԾԱ-ի յուրաքանչյուր կատեգորիայի համար առանցքային իրադարձությունները, որոնք հանգեցրել են վնասաբեր ծրագրերի քննարկելիության աճի։ Խմբավորումների գործունեության դադարեցումը, մասնակիցների ձերբակալումը և շորթող ծրագրերի տարածման մասին ստվերային ֆորումներում գրառումների հեռացումն ամբողջությամբ չեն կանգնեցնում չարագործների ակտիվությունը: Հեռացած խմբավորմանը փոխարինելու է գալիս նորը, ընդ որում՝ հաճախ այնտեղ են տեղափոխվում հնի անդամները։

Վնասաբեր ծրագրերի հինգ կատեգորիաներից յուրաքանչյուրի համար «Կասպերսկի» ընկերության փորձագետները մանրամասն վերլուծել են գործընկերային ծրագրին մասնակցության փուլերը ՝ խմբավորում մտնելուց մինչև չարագործների վերջնական նպատակին հասնելը: Նրանք պարզել են, թե ինչ է ներառված օպերատորների կողմից մատուցվող ծառայության մեջ, ինչպես են չարագործները փոխգործակցում միմյանց հետ և ինչ կողմնակի օգնության են դիմում։ Այդ շղթայի յուրաքանչյուր քայլ մտածված է մինչև մանրամասները, և այդտեղ յուրաքանչյուր մասնակից կատարում է իր դերը:

«Ինֆոստիլերների տարածման համար չարագործները հաճախ օգտագործում են YouTube-ը։ Նրանք կոտրում են օգտատերերի հաշիվները և այդտեղ ներբեռնում նույնատիպ տեսանյութեր, որոնք գովազդում են կոտրող գործիքներ (crack) և տարբեր ծրագրեր կոտրելու ուղեցույցներ։ Ստիլերների դեպքում, որոնք օպերատորները տրամադրում են MaaS մոդելով, տարածմամբ ակտիվորեն զբաղվում են սկսնակ չարագործները՝ գործընկերների կողմից վարձվող թրաֆֆերները։ Որոշ դեպքերում նրանց կարելի է ապաանունացնել՝ ունենալով միայն նրանց տարածած ՎԾԱ-ի օրինակը»,- պարզաբանում են փորձագետները:

Նրանց կարծիքով՝ դարկնետի մշտադիտարկումը և Malware-as-a-Service մոդելի կառուցվածքի ու չարագործների ունեցած հնարավորությունների իմացությունը թույլ են տալիս տեղեկատվական անվտանգության մասնագետներին և հետազոտողներին հասկանալ, թե ինչպես են նրանք մտածում և կանխագուշակել նրանց հետագա գործողությունները, ինչն օգնում է կանխարգելիչ կերպով արձագանքել առաջացող սպառնալիքներին: MaaS շուկայի կառուցվածքի մասին ավելին կարելի է իմանալ այստեղ՝ https://securelist.ru/malware-as-a-service-market/107565/.