Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Կասպերսկի»-ն պարզել է ամառային արձակուրդներին զբոսաշրջիկներին սպասող կիբեռթակարդները
08/08/2023 10:49

«Կասպերսկի»-ն պարզել է ամառային արձակուրդներին զբոսաշրջիկներին սպասող կիբեռթակարդները

 Ամռանը՝ արձակուրդների տարեշրջանի գագաթնակետին, ակտիվանում են չարագործները, որոնք փորձում են հարստանալ մարդկանց հանգստի գնալու ցանկության հաշվին։ «Կասպերսկի» ընկերության փորձագետներն ու զբոսաշրջության բնագավառի մասնակիցներն առանձնացրել են այս ուղղությամբ առցանց խարդախությունների երեք հիմնական վեկտորներ:

Տոմսերի հետ կապված խարդախություն։ Փորձագետները տեսնում են բազմաթիվ կեղծ էջեր, որոնք նմանակում են տարբեր ավիաընկերությունների և ավիատոմսերի ընտրության ագրեգատորների կայքերը։ Որոշ կեղծ էջեր կարող են նույնիսկ ցուցադրել չվերթների իրական տվյալներ՝ որոնման հարցումներ ուղարկելով օրինական ագրեգատորներին և տրամադրելով ստացված տեղեկատվությունը: Սակայն, կեղծ ռեսուրսների այցելուները չեն տեսնի իսկական տոմսեր։ Չարագործների նպատակը փող գողանալն է և այլոց անձնական տվյալները սեփական նպատակների, օրինակ, դարքնետում վաճառելու համար օգտագործելը:

Տեղավորման հետ կապված խարդախություն։ Ճանապարհորդության պլանավորման կարևոր փուլ է բնակարանի որոնումը, ուստի խարդախության տարածված ձևերից մեկը բնակարանների և սենյակների վարձակալության առցանց կեղծ առաջարկներն են։ Խարդախները հանրաճանաչ հարթակներում գրավիչ հայտարարություններ են ստեղծում՝ ճանապարհորդներին հրապուրելով գեղեցիկ լուսանկարներով և ցածր գներով: Սակայն ամրագրումից և վճարումն ուղարկելուց հետո կպարզվի, որ հայտարարությունների հեղինակներն ամենևին էլ նրանք չեն, ում տեղը ներկայանում են։

Բնակարանային խարդախության մեկ այլ տեսակ կապված է հյուրանոցների ամրագրման հետ: Խարդախները ստեղծում են կեղծ կայքեր, որոնք նմանակում են հյուրանոցների ամրագրման իրական հարթակները: Հաճախ նման կայքերում օգտատերերին առաջարկվում է մուտք գործել արդեն առկա օգտահաշիվների հաշվառման տվյալներով։ Դա խարդախներին թույլ է տալիս չարտոնված հասանելիություն ստանալ զոհերի՝ սոցիալական ցանցերի կամ էլեկտրոնային փոստի հաշիվներին: Արդյունքում՝ այդ կերպ նրանք գողանում են անձնական տվյալները։

Հարցումների հետ կապված խարդախություն։ Խարդախները ստեղծում են սկամ-էջեր կամ տարածում էլեկտրոնային նամակներ, որտեղ առաջարկում են անցնել ճանապարհորդությունների թեմայով հարցում և վարձատրություն ստանալ: Նման սխեմաներում հաշվարկը կատարվում է հեշտ գումար կամ ինչ-որ նվեր ստանալու մարդկանց ցանկության վրա: Բայց դրանք նպատակաուղղված են անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, ֆինանսական տեղեկություններ հավաքելուն։ Իսկ վարձատրություն այս սխեմայի զոհերը չեն ստանում, և այն տեղեկատվությունը, որը նրանք փոխանցել են խարդախներին, կարող է օգտագործվել, օրինակ, անձնական տվյալներ կամ գումար գողանալու համար։ Բացի այդ, հարցման վերջում սովորաբար առաջարկվում է ընկերների հետ կիսվել հարցման մասին տեղեկատվությամբ, որպեսզի նրանք նույնպես կարողանան պարգև ստանալ, այսինքն՝ չարագործները զոհերին օգտագործում են նաև խարդախ ռեսուրսների հետագա տարածման համար։

«Ճանապարհորդությունների պլանավորման ժամանակը և արձակուրդների տարեշրջանն ինքնին այն ժամանակահատվածն են, երբ խարդախներն ակտիվանում են, քանի որ հանգստի կանխավայելման մեջ մարդիկ կարող են կորցնել զգոնությունը, իսկ թեժ տուրերով կամ շռայլ զեղչերով, որոնցով չարագործները սովորաբար հրապուրում են պոտենցիալ զոհերին, ոչ ոքի չես զարմացնի: Մենք հիշեցնում ենք ուղևորությունները պլանավորելիս զգոնություն պահպանելու և զգուշություն դրսևորելու անհրաժեշտության մասին: Ստուգեք կայքերի իսկությունը, օգտվեք ամրագրման հուսալի հարթակներից և երբեք մի հաղորդեք անձնական կամ ֆինանսական տեղեկատվություն առանց պատշաճ ստուգման», — մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան:

Թեև նման կայքերի հայտնաբերման և արգելափակման աշխատանքներն իրականացվում են մշտապես, զբոսաշրջության բնագավառի մասնակիցները և «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս.

  • հետևել լավ համբավ ունեցող կայքերին. տոմսեր ամրագրելիս օգտվել ամրագրման ստուգված և հայտնի  հարթակներից, ավիաընկերությունների և հյուրանոցների կայքերից; զգուշանալ անծանոթ կամ կասկածելի կայքերից, որոնք առաջարկում են անհավանական ցածր գներ կամ պահանջում են ավելորդ անձնական տեղեկատվության տրամադրում;
  • ստուգել կայքի իսկությունը. նախքան որևէ գործարք կատարելը կամ անձնական տվյալներ տրամադրելը, կրկնակի ստուգել կայքի URL-հասցեի միացման անվտանգությունը, տվյալներ չմուտքագրել տառասխալներով կամ անսովոր դոմենային անվանումներով կայքերում;
  • կարդալ արձագանքներ հեղինակավոր աղբյուրներում և ուշադիր ուսումնասիրել տեղավորման այն օբյեկտների, ավիաընկերությունների և տուրիստական գործակալությունների մասին տեղեկատվությունը, որոնց ծառայություններից նախատեսվում է օգտվել;
  • բոլոր սարքերում օգտագործել հուսալի պաշտպանական լուծում՝ առցանց խարդախությունից և ֆիշինգից պաշտպանությամբ: