Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Armenia Startup Academy-ն ստարտափներին հնարավորություն է տալիս լրացնել բիզնես գիտելիքների պակասը
18/07/2018 11:20

Armenia Startup Academy-ն ստարտափներին հնարավորություն է տալիս լրացնել բիզնես գիտելիքների պակասը

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին խոստումնալից է, և հենց այստեղ են պատրաստվում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետները։ Իհարկե, այս ամենը շատ լավ է հնչում, քանի որ Հայաստանը նկարագրող գրավչությունների շրջանակը ևս մեկով լայնանում է։ Այնուամենայնիվ,  ոլորտում դեռևս կան շատ ու շատ խնդիրներ, որոնց լուծումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի էկոհամակարգի վրա։ 

Խնդիրներից մեկը բիզնես ոլորտն է, որը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Յուրաքանչյուր ստարտափ, ստեղծելով որևէ պրոդուկտ, պետք է մտածի այն իրացնելու մասին։ Գաղափարը կարող է լինել շատ լավը, իսկ դրա մատուցումը՝ թույլ։ Եվ այստեղ է, որ օգնության են գալիս Հայաստանում մի շարք կազմակերպություններ և կրթական ծրագրեր, որոնք ստարտափներին տրամադրում են համապատասխան գիտելիքներ։

EU4Business-ի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Հայաստանում արդեն 8 ամիս է գործում է նախաաքսելերացիոն Armenia Startup Academy կրթական անվճար ծրագիրը, որը ստարտափներին հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր բիզնես գիտելիքներ։

Կրթական ծրագրի համակարգող Արմինե Գալստյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները և դիմելու գործընթացը։

– Ո՞րն է եղել Armenia Startup Academy ծրագիրը նախաձեռնելու նպատակը։

– Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի էկոհամակարգի համար ներդրման պատրաստ ստարտափներ պատրաստելն է։ Այն նախաձեռնվել է SmartGateVC  հիմնադիրների կողմից՝ EU4Business-ի աջակցությամբ։ Ծրագրի անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ ստարտափները ներդրում ստանալու համար անհրաժեշտ գիտելիքի և հասունության պակաս ունեն։ Մասնավորապես, ստարտափը ճիշտ ներկայացնելու և  ոլորտում կարևոր դերակատարում ունեցող անհատների հետ շփման առումով։

Այս ծրագիրն իրականացվում է Hero House-ում, որը նմանատիպ նախաձեռնությունների համար նախատեսված տարածք է։ Այստեղ ստարտափները հնարավորություն ունեն լայնացնելու իրենց network-ի շրջանակը։

– Քանի՞ փուլերից է բաղկացած ծրագիրը։

 -Այն 12 շաբաթանոց նախաաքսելերացիոն ծրագիր է, որտեղ ստարտափներն անցնում են երեք հիմնական փուլերով՝ ստարտափի դիագնոստիկա, շուկայի հետազոտություն և market validation-ին։ Վերջում նրանց սպասում է Demo օրը, որտեղ նրանք պետք է ներկայանան pitch-երով (pitch – ստարտափի կարճ ելույթ, որտեղ նա ներկայացնում է բիզնես մոդելը, այն թե ինչպես է իրացնելու պրոդուկտը և այլն – խմբ․), որտեղ մենք հրավիրում ենք տարբեր ներդրողների։ Demo-ին սովորաբար հաջորդում են գլոբալ և տարածաշրջանային աքսելերատոր ընդունվելու համար հարցազրույցները։

-Որքա՞ն ժամանակ է գործում ծրագիրը և թվով քանի՞ ստարտափ է ձեզ դիմել։ 

-Ծրագիրն իրականացվում է արդեն 8 ամիս։ Այս ընթացքում ունեցել ենք երկու 12 շաբաթանոց batch (թրգ․ ծրագրաշար –խմբ․) ։ Առաջին batch-ի ժամանակ ընդունել ենք 19 ստարտափ, որոնցից ավարտել է 11-ը։ 2-րդ փուլում ընտրել ենք 18 ստարտափ, որոնցից ավարտել են 13-ը։

Ընդհանուր առմամբ,  ունենք 24 շրջանավարտ։

3-րդ փուլի դասընթացները նախատեսել ենք հոկտեմբերի սկիզբ, դիմումների ընդունման հայտարարությունը կբացվի օգոստոսի վերջ։

– Ձեզ մոտ ծրագիրն անցնելու համար ո՞ր մակարդակում պետք է լինի ստարտափը։

– Մենք հայտարարում ենք օնլայն դիմումների ընդունելություն, որից հետո հրավիրում ենք հարցազրույցի։ Հարցազրույցն անցնում են այն ստարտափները, որոնք ունեն հաստատուն թիմ, գաղափարից անցել են գործնական մասի և ներկայացնում են պրոդուկտի նախատիպը։

– Կոնկրետ ի՞նչ դասընթացներ են ընդգրկված ծրագրում։

-Ծրագրի դասացուցակը կազմված է այնպես, որպեսզի ստարտափները ստանան հենց բիզնես գիտելիքներ։ Ծրագրի շրջանակում բացի դասընթացներից լինում են մեկ մեկու հանդիպումներ սփիկերների հետ տարբեր թեմաներով։

Մենք ունենք նաև entrepreneur assistants, ովքեր 4-5 շաբաթ թրեյնինգային ինտենսիվ ծրագրեր ուսումնասիրելուց հետո, սկսում են ամեն հարցում աջակցել ստարտափներին։ Օրինակ՝ եթե հետազոտության համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև շուկան, ապա մեր entrepreneur assistants-ները կարող են օգնել այդ հարցում։

– ՏՏ և բիզնես ոլորտում ի՞նչ հայտնի մասնագետներ են հրավիրվել։

-Մեզ մոտ սփիկերներ են եղել «Startup Wise Guys» աքսելերատորի գլխավոր տնօրեն Cristobal Alonso-ն, Տոռո Օռեռոն, ով կառավարող գործընկեր է DDF վենչուրային հիմնադրամում և Քրիստին Սոֆրանտ Նտիմը, ով զարգացող աշխարհում ամենազդեցիկ և հսկայական կապեր ունեցող մարդկանցից մեկն է։

Ասեմ նաև, որ նրանց հաճելիորեն զարմացրել է այն փաստը, որ Հայաստանի պես փոքր շուկայում նման բարձրակարգ ստարտափներ կան։

– Ծրագրում ներդրվա՞ծ է ստարտափներին մոտիվացնելու և գնահատելու համակարգ։

-Ծրագրի ընթացքում իրականացնում ենք gamification, որի շրջանակում ստարտափին շնորհում ենք հատուկ միավորներ, նաև խրախուսում ենք թեմատիկ բեյջերով։ Օրինակ՝ եթե ստարտափը պարտաճանաչ հաճախում է բոլոր դասընթացներին, ստանում է ever present,  startup hero բեյջը: Բացի այդ, ամեն առաջադրանք կատարելուց հետո ստարտափը ստանում է որոշակի տոկոսային բոնուսները, որոնք կարող է փոխանակել hero coin-ներով և օգտվել HeroHouse-ում եղած ծառայություններից։

Ամենաշատ միավորները հավքած ստարտափը հնարավորություն է ստացել մեկնելու ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում գտնվող  Draper University-ը և անվճար մասնակացելու այնտեղի 10000 դոլար արժողությամբ ծրագրին։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։