Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի. Ինչով է վտանգավոր վնասաբեր կոդը Linux-ի դիստրիբուտիվներում
09/04/2024 11:28

Կասպերսկի. Ինչով է վտանգավոր վնասաբեր կոդը Linux-ի դիստրիբուտիվներում

Անհայտ չարագործները վնասաբեր կոդ են ներկառուցել Linux-ի որոշ դիստրիբուտիվներում՝ սեղմման համար նախատեսված, բաց սկզբնական կոդով XZ Utils ուտիլիտների 5.6.0 և 5.6.1 տարբերակների մեջ։ Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, բեքդորով ուտիլիտները հասցրել են հայտնվել Linux-ի մարտյան մի քանի հայտնի տարբերակներում, և դա կարելի է գնահատել որպես գրոհ մատակարարման շղթայի վրա: Խոցելիությանը շնորհվել է CVE-2024-3094 համարը։

Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ ի սկզբանե տարբեր հետազոտողներ պնդում էին, որ բեքդորը թույլ է տալիս չարագործներին շրջանցել sshd-ի՝ OpenSSH սերվերային գործընթացի նույնականացումը և հեռավար կերպով չարտոնված հասանելիություն ստանալ օպերացիոն համակարգին։ Այնուամենայնիվ, դատելով վերջին տեղեկատվությունից, այս խոցելիությունը պետք է վերագրվի ոչ թե «նույնականացման շրջանցում», այլ «կոդի հեռավար կատարում» (RCE) դասին: Բեքդորը միջամտում է RSA_public_decrypt գործառույթին, ստուգում է հոսթի ստորագրությունն՝ օգտագործելով Ed448 ֆիքսված բանալին, և հաջող ստուգման դեպքում system() գործառույթի միջոցով կատարում է հոսթի փոխանցած վնասաբեր կոդը՝ առանց sshd լոգերում հետքեր թողնելու:

Հստակ հայտնի է, որ XZ Utils-ի 5.6.0 և 5.6.1 տարբերակները հայտնվել են Linux-ի հետևյալ դիստրիբուտիվների մարտյան տարբերակներում.

  • Kali Linux, բայց պաշտոնական բլոգի տեղեկատվության համաձայն, միայն մարտի 26-ից 29-ը հասանելի տարբերակներում (բլոգը պարունակում է նաև հրահանգներ, թե ինչպես ստուգել ուտիլիտների խոցելի տարբերակի առկայությունը);
  • openSUSE Tumbleweed և openSUSE MicroOS, որոնք հասանելի են եղել մարտի 7-ից 28-ը;
  • Fedora 41, Fedora Rawhide և Fedora Linux 40 beta;
  • Debian (թեստային, ոչ կայուն և փորձարարական տարբերակներ);
  • Arch Linux՝ կոնտեյներների image-ներ, որոնք հասանելի են եղել փետրվարի 29-ից մարտի 29-ը: Ի դեպ, org կայքում ասվում է, որ իրականացման առանձնահատկությունների պատճառով գրոհի այս վեկտորը Arch Linux-ում չի աշխատի, սակայն, այնուամենայնիվ, թախանձագին խորհուրդ է տրվում թարմացնել համակարգը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ անխոցելի են Red Hat Enterprise Linux (RHEL), SUSE Linux Enterprise, openSUSE Leap, Debian Stable տարբերակները։ Իմաստ ունի ինքնուրույն ստուգել մնացած դիստրիբուտիվներում XZ Utils-ի տրոյանացված տարբերակների առկայությունը:

Փորձագետները ենթադրում են, որ վնասաբեր կոդը ուտիլիտների մեջ է հայտնվել հետևյալ կերպ։ Ըստ երևույթին, տեղի է ունեցել GitHub-ի ռեպոզիտորիայի նկատմամբ վերահսկողության փոխանցման ստանդարտ պատմություն: Այն անձը, ով ի սկզբանե աջակցում էր XZ Libs նախագծին, վերահսկողությունը փոխանցել է այն օգտահաշվին, որն արդեն մի քանի տարի է, ինչ աջակցում էր տվյալների սեղմման հետ կապված մի շարք ռեպոզիտորիաների։ Նա էլ ինչ-որ պահի նախագծի կոդ բեքդոր է ավելացրել։

ԱՄՆ-ի կիբեռանվտանգության և ենթակառուցվածքի պաշտպանության գործակալությունը մարտին նշված օպերացիոն համակարգերը թարմացնողներին խորհուրդ է տալիս անհապաղ անցնել XZ Utils-ի ավելի վաղ տարբերակի օգտագործմանը (օրինակ ՝ 5.4.6 տարբերակի), ինչպես նաև զբաղվել վնասաբեր ակտիվության որոնմամբ։

Եթե տեղադրվել է խոցելի տարբերակով դիստրիբուտիվ, ապա իմաստ ունի փոխել հաշվառման տվյալները, որոնք հնարավոր է, որ չարագործները կարողացել են կորզել համակարգից:

Խոցելիության առկայության փաստը կարելի է բացահայտել CVE-2024-3094-ի համար Yara կանոնի օգնությամբ։

Ընկերության ենթակառուցվածքին չարագործների կողմից հասանելիություն ստանալու կասկածի առկայության դեպքում խորհուրդ է տրվում օգտվել կոտրանքի նշանների հայտնաբերման Kaspersky Compromise Assessment ծառայությունից: