Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Արմաթի» սաները տեխնոճամբարում մրցել են իրենց ստեղծած ռոբոտներով
10/07/2018 12:17

«Արմաթի» սաները տեխնոճամբարում մրցել են իրենց ստեղծած ռոբոտներով

Օրերս Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների կողմից ստեղծած «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթ:

«Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքը միավորել էր Հայաստանի և Սփյուռքի 10-14 տարեկան շուրջ 220 դպրոցականների: Տասնօրյա տեխնոլոգիական ճամբարի 13 ջոկատների բաժանված մասնակիցների առջև խնդիր է դրվել՝ պատրաստել լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտներ, նրանք խնդիրը լուծել են «ՍԵՌՈԲ 3» ռոբոտի հավաքածուի և Arduino/Raspberry պլատֆորմաների միջոցով՝ օգտագործելով c++, python, snap ծրագրավորման լեզուներ, որոնք յուրացրել են ճամբարի ընթացքում:

«Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթի հաղթող է ճանաչվել թիվ 11-րդ ջոկատը, որտեղ ընդգրկված էին Երևանի և Տավուշի մարզի արմաթցիներ ու այլ դպրոցականներ:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ (Երևանի դպրոցականներ և Լոռու մարզի ու Արցախի Նորշեն համայնքի արմաթցիներ) և 3-րդ ջոկատները (Երևանի և Մատաղիսի արմաթացիներ):

Երեխաների հետ աշխատել են «Արմաթ» ինժներական լաբորատորիաների ցանցի մենթորները, իսկ երեխաների աշխատանքները գնահատել են մրցույթի ժյուրիի անդամները, որի կազմում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սայմոտեկ» ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի Next-Gen լաբորատորիայի և ՏՏ ծրագրերի համակարգող Հայկ Ոսկանյանը:

Մրցույթի ավարտին հաղթողները ստացել են պատվոգրեր և խրախուսական մրցանակներ ինչպես ռոբոտների մրցույթի, այնպես էլ տեխնոճամբարի շրջանակում տեղի ունեցած ֆուտբոլի, լողի և «Ամենա-արմաթցի» մրցույթների հաղթանակների համար:

«Արմաթ» տեխնոճամբարն իրականացվում է 2016 թ-ից: Տեխնոլոգիական ճամբարի նպատակն է 10-14 տարեկան պատանիների համար արդյունավետ հանգստի, հասակակիցների հետ շփման, գաղափարների փոխանակման, թիմային ոգու ձևավորման և նոր գիտելիքների ստացման հարթակ ստեղծել: Ծրագրավորման հմտություններից բացի, դպրոցականներն այստեղ նաև ակտիվ հանգիստ են անցկացնում՝ մասնակցելով տարբեր միջոցառումների:

«Արմաթ» տեխնոճամբարի իրականացմանն աջակցում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հովանավորներ՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Ucom ընկերությունը, «Վորլդ Վիժն Հայաստանը», «Ջավախքի Աջակցություն» հիմնադրամը, «Հախվերդյան շինմոնտաժը», «Բեյս Մեթալսը», «Հայ կրթություն» կրթական հիմնադրամը, «Լիդիան Արմենիան», «Նազարյան» կրթական հիմնադրամը և   «Հայ կրթական հիմնարկությունը»:

«Արմաթ» ամառային ճամբարն իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԱՏՁՄ, նախկինում ԻՏՁՄ): Ճամբարն անցկացվում է Լոռու մարզի «Գուգարք» ճամբարի տարածքում երկու հոսքով (հուլիսի 1-10, հուլիսի 10-18):