Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
12/12/2023 18:49

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերն առաջին անգամ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Նշենք, որ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը ցուցակել է իր բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով և 40,000,000 հատ «Ա» դասի հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն թողարկել էր 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմս, որից տեղաբաշխվել է 4 մլրդ դրամ։ Տեղաբաշխումն իրականացվել է սույն թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

«Տելեկոմ Արմենիա»-ն գործունեություն է ծավալում ՀՀ հեռահաղորդակցության շուկայում՝ առաջարկելով ամրակցված և շարժական կապի ծառայություններ, տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացել բրոքերային հաշիվ եթե չունեք և ներկայացնել բաժնետոմսի ձեռք բերման հայտ:

Բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Այս քայլը կարող է դրական միտում առաջացնել, դրդելով հայկական մյուս ընկերություններին դառնալ հանրային և ցուցակել բաժնետոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում, զարգացման և նոր գաղափարների իրականացման համար։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: