Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Կասպերսկի»-ն նշել է «սև ուրբաթ»-ին առցանց խարդախությունների տարածված սխեմաները
28/11/2023 11:34

«Կասպերսկի»-ն նշել է «սև ուրբաթ»-ին առցանց խարդախությունների տարածված սխեմաները

«Սև ուրբաթ»-ին ընդառաջ «Կասպերսկի» ընկերությունը հաշվետվություն է հրապարակել առցանց շոփինգի ոլորտում արդիական կիբեռսպառնալիքների մասին: Հաշվետվության համաձայն՝ 2023-ին աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 13 մլն ֆիշինգային գրոհ, որոնց շրջանակներում չարագործները նմանակել են հայտնի մարկետփլեյսները, լյուքս դասի բրենդերը և սարքերի խանութները։

Ընկերությունը հայտնում է, որ ֆիշինգը և սկամը շարունակում են մնալ ամենաարդիական մարտավարություններից մեկը խարդախների շրջանում: Այսպես, 2023-ի առաջին տասն ամիսների ընթացքում ընկերության լուծումներն ամբողջ աշխարհում բացահայտել են գրեթե 31 մլն ֆիշինգային գրոհ, որոնք ուղղված են եղել առցանց խանութների, վճարային համակարգերի և ֆինանսական կազմակերպությունների դեմ։ Ընդ որում՝ դեպքերի 43,5%-ում չարագործները քողարկվել են էլեկտրոնային առևտրի հարթակների անվան տակ (13 մլն գրոհ)։

Հոկտեմբերից սկսած «սև ուրբաթ» (black friday) բառերն օգտագործող դոմենների թիվը եռապատկվել է։ Նման կայքերի թվում հանդիպում են ինչպես ամբողջովին հորինված խանութներ, այնպես էլ իրական առցանց հարթակների ճշմարտանման կրկնօրինակներ: «Կասպերսկի» ընկերությունը մշտապես հայտնաբերում է հագուստի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութների բազմաթիվ կեղծ էջեր: Ամենից հաճախ հանդիպում է սխեմա, որի դեպքում մարդիկ, արդյունքում, չեն ստանում իբր ձեռք բերված ապրանքները։ 

Չարագործները թիրախավորում են նաև սարքերով հետաքրքրվողներին։ Օրինակ՝ նրանք ակտիվորեն ստեղծում են Apple-ի արտադրանքի առաջարկով կեղծ էջեր։ Ընդհանուր առմամբ, 2023-ի հունվար-հոկտեմբերին «Կասպերսկի» ընկերության լուծումներն աշխարհում հայտնաբերել են օգտատերերի վրա այդ ապրանքանիշի արտադրանքի հիշատակմամբ 2,8 մլն ֆիշինգային գրոհ։ Գեյմերները նույնպես բախվում են խարդախության հետ, մասնավորապես, երբ փորձում են գնել խաղային վահանակ:

«Խանութների հաճախորդները, հատկապես «սև ուրբաթ»-ի նման ակցիաների ժամանակ, չարագործների հիմնական թիրախներից մեկն են: Խարդախներն ակտիվանում են՝ թաքնվելով մեծ թվով փոստային առաքումների և առաջարկների հետևում։ Բացի նշված սխեմաներից, նրանք կարող են, օրինակ, աստիճանաբար դուրս գրել այն անձի գումարը, ով իր քարտը կապակցել է կեղծ առցանց խանութին, կամ առաջարկել գնել հայտնի առևտրային հարթակների գոյություն չունեցող նվերային սերտիֆիկատներ։ Այս ժամանակահատվածում հատկապես կարևոր է լինել ուշադիր և հետևել անվտանգ գնումների կանոններին. չանցնել կասկածելի հաղորդագրությունների հղումներով, ստուգել կայքի հասցեն, նախքան այդտեղ անձնական տվյալներ մուտքագրելը, ինչպես նաև օգտագործել պաշտպանական լուծում, որը կհուշի, եթե մարդը փորձի անցնել ֆիշինգային կամ սկամ հղմամբ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության ավագ կոնտենտ-վերլուծաբան Օլգա Սվիստունովան:

«Սև ուրբաթ»-ին անվտանգ գնումներ կատարելու համար «Կասպերսկի» ընկերության փորձագետները նաև խորհուրդ են տալիս ստուգել ինտերնետ-խանութի կայքի իսկությունը, նախքան որևէ տեղեկատվություն փոխանցելը; ուշադրություն դարձրել, թե արդյոք դրա URL-հասցեն ճիշտ է, կան ուղղագրական սխալներ կամ դիզայնի անփութություն; օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, որն օգնում է օգտատերերին պաշտպանվել ֆիշինգից և սկամից; ապրանքը գնելուց առաջ ստուգել արձագանքները, հատկապես, եթե խանութը անհայտ է; հետևել բանկային քարտից դուրսգրումներին և կասկածելի գործարքների դեպքում անմիջապես դիմել  բանկ: