
Gionee Elife S5.5-ը ռեկորդ է սահմանել իր բարակությամբ
Եթե մինչ օրս չեք հավանել Huawei կամ Oppo ընկերությունների կողմից արտադրած «աշխարհի ամենաբարակ սմարթֆոնները», գուցե Ձեզ համապատասխանի Gionee չինական ընկերության նոր արտադրանքը: Gionee-ն հայտնի է որպես Fly և Explay բրենդերի բջջային սարքավորումների մատակարարող ընկերություն: Elife S5.5 անվանումը կրող նոր սմարթֆոնը կարելի է միանշանակ ամենաբարակը համարել, քանի որ նրա կորպուսի հաստությունը կազմում է ընդամենը 5,5 մմ (Vivo X3-ի հաստությունը կազմում է 5,75 մմ):
Ընդ որում, չնայած սմարթֆոնի ռեկորդային բարակությանը, արտադրողներին հաջողվել է սարքավորման մեջ տեղադրել համեմատաբար հզոր մարտկոց, որը Elife S5.5-ի համար մեկ լրիվ օրվա աշխատանք է ապահովում: Ի դեպ, սա կարող է դիտվել որպես առավելություն HTC և մյուս արտադրող ընկերությունների նկատմամբ, որոնք օգտագործում են ավելի թույլ մարտկոցներ:
Elife S5.5 սմարթֆոնն ունենալու է 5 դույմանի սենսորային էկրան և 1,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ չիպ: Բացի այդ, սարքավորումն ունի դիմային և ետին տեսախցիկներ` համապատասխանաբար 5 Մպ և 13 Մպ թույլատրությամբ, իսկ որպես ծրագրային հարթակ օգտագործվել է Android հիմքով Amigo ֆիրմային օպերացիոն համակարգը: 370ԱՄՆ դոլարով այն արդեն հասանելի է Չինաստանում: