Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկ Եսայան. Արմաթն լաբորատորիաների գործունեության արդյունքը պետք է լինի ստեղծարար, հնարամիտ ու հայրենիքին օգուտ բերող սերունդը
14/04/2017 20:15

Հայկ Եսայան. Արմաթն լաբորատորիաների գործունեության արդյունքը պետք է լինի ստեղծարար, հնարամիտ ու հայրենիքին օգուտ բերող սերունդը

«Որոշել եմ դառնալ ինժեներ, ոչ թե ծրագրավորող, քանի որ վերջինս բոլորովին այն չէ, ինչ ուզում եմ: Աշխատելու եմ արհեստական բանականությամբ աշխատող մի ռոբոտ ստեղծել: Ռոբոտաշինության դասընթացներին միայնակ աշխատելու ընթացքում շատ հաճախ թերանում էի, սակայն երբ միավորեցի ուժերս ընկերոջս՝ Գարիկի հետ, հաջողություն ունեցա», – համոզմունքով է պատմում Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Էդգար Ղալումյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին: 

Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել: Նրանցից մի քանիսն իրենց ունակությունները դրսևորել են նաև տեխնոլոգիական ճամբարում:

«Ուզում եմ դառնալ ճարտարապետ ու ստեղծել այնպիսի շենքեր, որոնց մեջ մարդկանց տեղաշարժը շատ հեշտ կլինի», – երազում է նույն լաբորատորիայի սան Քամալյան Գարիկը:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող այս նախագծի երկարաժամկետ արդյունքը պետք է լինի ստեղծարար, հնարամիտ ու հայրենիքին օգուտ բերող սերունդը: Շատ կարևոր է, որ հետագայում այս երեխաները կարողանան իրականություն դարձնել այն, ինչի մասին այսօր մեզ պատմեցին», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։