Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական WooChess–ը գրոսմայստերներին կկապի սկսնակ շախմատիստների հետ
16/02/2018 19:20

Հայկական WooChess–ը գրոսմայստերներին կկապի սկսնակ շախմատիստների հետ

Հայաստանում օրեցօր ստեղծվում են նոր սթարթափներ, յուրաքանչյուրը փորձում է լուծել որևէ խնդիր, լրացնել այն պակասը, որ զգացել է։ Սահմանում գլոբալ նպատակներ` հաջողված բիզնեսից մինչև աշխարհը փոխել ու բարելավել։

Նույն կերպ էլ Հրայր Շահբազյանը շախմատի հանդեպ իր սերը վերածել է սթարթափի, ստեղծել է շախմատի առցանց ուսուցման բազմաֆունկցիոնալ հարթակ, որը կկապի գրոսմայստերներին սկսնակ շախմատիստների հետ։ Նա ittrend.am-ին պատմել է WooChess-ի գաղափարի, թիմի ու նպատակների մասին։

Պատմեք գաղափարի մասին, ինչպե՞ս է այն առաջացել, ի՞նչ խնդիր եք լուծում:

– Լինելով նախկին շախմատիստ ու այս հրաշք սպորտարվեստի ներկայիս և հավերժ երկրպագու՝ անտարբեր չեմ անցնում վերջինիս վերաբերող որևէ բանի կողքով։ Եվ այսպես էլ մի օր ինտերնետում փնտրում էի հարթակ, որը կտրամադրեր ուսուցման ամբողջական ծրագիր, հնարավորություն առցանց ուսուցման։ Կա մի քանի կայք, որտեղ տրամադրվում են լավ հնարավորություններ, բայց այն, ինչ փնտրում էի ես, դեռ գոյություն չունի։

WooChess-ը լայն ու անսահման հնարավորություններ կմցնի շախմատային աշխարհ։ Մենք մշակել ենք մի ծրագիր, որի օգնությամբ առանց որևէ անհարմարության ու դժվարության հնարավոր կլինի նստել երկրագնդի մի ծայրում, քո տան սիրելի անկյունում ու ունենալ օնլայն դաս մյուս ծայրում ապրող մարզչի հետ։ Շատերը կմտածեն, որ դա մինչ այս եղել է Skype-ի և նմանատիպ ծրագրերի միջոցով։ Այո։ Բայց եթե հաշվենք, թե ժամանակի և դրանից բխող գումարի կորուստը նման դեպքում որքան է, կփոխենք մեր կարծիքը։

Ո՞րն է WooChess-ի գլխավոր առանձնահատկությունը, ինչո՞վ է տարբերվում մրցակիցներից։

– Մեր կայքում գրանցված են մարզիչներ, ովքեր ունեն տարիների փորձ, գրոսմայստերներ են, շատերը՝ ՖԻԴԵ-ի մարզիչ։ Այսինքն յուրաքանչյուրն ունի մարզչական մեծ փորձ և կարող է կրթել չեմպիոնների։ Նրանք նախօրոք ստեղծելու են դասը, պահպանելու այն։ Դասի ժամանակ մարզիչ-աշակերտ կապը լինելու է տեսակապի միջոցով, այսինքն բնական շփումը լինելու է և այդ ամենին զուգահեռ յուրաքանչյուրն իր համակարգչի էկրանին տեսնելու է խաղատախտակը և նրա վրա կատարվող գործողությունները։

Այս ծրագրի միջոցով հնարավորություն կլինի նաև խմբակային դասեր անցկացնել։

Այս ամենն, իհակե, ամբողջական չէր լինի, եթե ամփոփվեր այսքանով։ Մենք աշխատել և աշխատում ենք այն ուղղությամբ, որ այն աշակերտները, ովքեր մուտք են գործել մեր կայք և այստեղ գտել իրենց մարզչին, այլևս ոչ մի տեղ չգնան և չփնտրեն հավելյալ ուսուցման համար այլ նյութեր։ Կայքում կան տարբեր դժվարությունների խնդիրներ, տակտիկաներ, վիկտորինաներ, աշխարհի չեմպիոնների և մյուս ուժեղագույն գրոսմայստերների խաղերը վիդեոների տեսքով և այլն։

Չմոռանամ ասել միաժամանակյա խաղի սեանսների մասին։ WooChess-ը հնարավորություն է տալու խաղալ սիրելի գրոսմայստերի հետ առանց հազարավոր կիլոմետրեր  անցնելու։

Ովքե՞ր են ձեր օգտատերերը, ու՞մ համար է այն նախատեսված, թիրախավորված։

– Նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են սիրողական և պրոֆեսինալ շախմատով։ Տարիքային, սեռային, կրոնական և առհասարակ ոչ մի տեսակի սահմանափակում չկա։ Մենք աշխատելու ենք հայտնի դառնալ երկրագնդի ցանկացած կետում։ Ձգտելու ենք, որ այն 700․000․000-ից, ովքեր խաղում են շախմատ, յուրաքանչյուրն իմանա WooChess-ի մասին և դառնա վերջինիս օգտատերը։

Երբվանի՞ց եք աշխատում սթարթափի վրա։

– Միտքը շատ վաղուց էր հղացել, բայց ռեալ սկսել ենք աշխատել 2017 թվականից։ Կարելի է ասել՝ արդեն մեկ տարի։

Ներկայացրեք Ձեր թիմին, քանի՞ հոգի եք։

– Թիմում 7 հոգի ենք՝ ես, վեբ դիզայներ Սվետլանա Այվազյանը, ծրագրավորողներ Ժորա Ալեքյանն ու Կարեն Տեր-Ստեփանյանը, Վահե Սարոյանը, մենեջեր Լիանա Գալստյանը և կայքի օպտիմալացմամբ զբաղվող Շուշանիկ Շահբազյանը։ Շուտով մեզ կմիանա նաև մարքեթոլոգը։

Վերջերս ավարտեցիք Հայաստան սթարթափ ակադեմիան, ի՞նչ տվեց ձեզ այն։

– Հայաստանի ստարտափ ակադեմիան ավարտելը համարում եմ կյանքիս մեծ ձեռքբերումներից մեկը։ Ստացել եմ նոր ու անսահման գիտելիքներ, որոնք փոխել են պատկերացումներս ստարտափների, վերջիններիս առաջխաղացման և այլ հարցերի շուրջ։ Վերջապես ձեռք եմ բերել հետաքրքիր ծանոթ-ընկերներ։

Ինչի՞ վրա եք ներկայումս կենտրոնացած, ի՞նչ նոր նպատակներ եք սահմանել և ի՞նչ նոր գործառույթներ եք նախատեսում ավելացնել։

– Նպատակներս այս պահին հիմնականում սթարթափի առաջխաղացման հետ են կապված։ Ներդրել ենք  բոլոր ուժերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ ամբողջական տեսքի բերենք և հրամցնենք մեր օգտատերերին։ Նպատակ ունենք նաև հաջորդ տարի գործարկել մեր արհեստական բանականության վրա հիմնված մարզչին, ով կկարողանա որոշակի թեստերից հետո հասկանալ աշակերտի բոլոր թույլ կողմերը և մեր համակարգից դասեր առաջարկել։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Մանկական Rutube ծրագրային հավելվածով, որի միջոցով փոքրիկ հեռուստադիտողները կարող են դիտել ընտրյալ և սիրված մուլտֆիլմեր, ինչպես նաև զարգացնող ուսուցողական հաղորդումներ։