Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Արմաթ» կրթական ցանցը շարունակում է ընդլայնվել. նորաբաց «Արմաթ»՝ Նորակերտում
12/03/2019 11:31

«Արմաթ» կրթական ցանցը շարունակում է ընդլայնվել. նորաբաց «Արմաթ»՝ Նորակերտում

Նորակերտի մշակույթի կենտրոնում համայնքապետարանի աջակցությամբ և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ջանքերով բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզը ներկայացնող պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Մկրտչյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և այլք:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ինժեներական լաբորատորիայի բացման աջակիցներին` Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է ծրագրի նշանակությունը դպրոցականների շրջանում` կրթությունը համարելով հիմնաքար բոլոր խնդիրների լուծման համար: Նա վստահություն է հայտնել, որ «Արմաթ»-ում ձեռք բերված գիտելիքները կօգնեն աշակերտներին նոր գործիքակազմով մոտենալ խնդիրների լուծմանը և իրենց գիտելիքներով նպաստել նաև համայնքի հետագա զարգացմանը: Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում նշել է, որ կաջակցի մարզում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թվի ավելացմանը:

Նորակերտ համայնքի և հարակից բնակավայրերի դպրոցականներն անվճար ինժեներական գիտելիք և ծրագրավորման հիմունքներ կսովորեն «Արմաթ»-ում, կստանան բացառիկ հնարավորութուն մասնակցելու մասնագիտական, խրախուսական և անգամ գործարար միջոցառումների, ծանոթանալ ցանցի մյուս դպրոցականների հետ, համատեղ աշխատել ու նորարար գաղափարներ իրագործել:

Հատկանշական է, որ Նորակերտի «Արմաթ»-ում դասավանդում է «Արմաթի» շրջանավարտ Սեդա Ասատրյանը: Նա սովորել է Այգեկի «Արմաթ»-ում (2013-2017), այժմ էլ՝ ուսանող է. սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը շարունակում է ընդլայնվել: Այս պահին գործում է 256 խմբակ-լաբորատորիա: Մենք ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ՝ երբ արմաթցի շրջանավարտները, սովորելով բուհում, զուգահեռ նաև աշխատում են: Ըստ «Գրանթ Թորնթոն» ընկերության հետազոտության արդյունքների՝ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է բուհ, նրանց 39 %-ը սովորելուն զուգընթաց նաև աշխատում է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը ներդրվում է ԱՏՁՄ-ի կողմից դոնոր կազմակերպությունների և ՀՀ կառավարության օժանդակությամբ: «Արմաթ»-ում ուսուցումն ավճար է: Լաբորատորիաները գործում են Հայաստանի, Արցախի, Ախալքալակի տարածքում: Բանակցություններ են տարվում նաև այն Հնդկաստան, Բանգլադեշ, Եթովպիա, Նամիբիա, Մոնղոլիա, Իսպանիա արտահանելու ուղղությամբ: