Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ Armenia BigData մրցույթ-հեքըթոն
16/05/2016 15:43

Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ Armenia BigData մրցույթ-հեքըթոն

Տվյալների կառավարման գիտության (Big Data Science) ոլորտում հայ մասնագետների ներուժի բացահայտման նպատակով մայիսի 13-ից 14-ը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ տվյալների կառավարման գիտության Armenia BigData մրցույթ-հեքըթոն: Հեքըթոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջը:

Միջոցառման նպատակն էր բացահայտել նորագույն տեխնոլոգիաներով և գործիքներով աշխատելու հայ մասնագետների ներուժը տվյալների կառավարման ոլորտում և մոբիլիզացնել առկա ռեսուրսները: Դա հնարավորություն կընձեռի հայ մասնագետներին ներգրավվել տեղական ու միջազգային առաջատար նախագծերում, համագործակցության կապեր ստեղծել, միջազգային որակավորում ձեռք բերել և հաղորդակցման ու հարակից հմտություններ զարգացնել:

Միջոցառմանը մասնակցեցին տասնյակից ավել կայացած ընկերություններ և մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներից, ովքեր տրամադրված տվյալների բազաների օգնությամբ լուծումներ առաջարկեցին հանրային ոլորտի կարևորագույն խնդիրների համար, ինչպիսին են զբոսաշրջության ենթակառուցվածքի թիրախային զարգացումը, տրանսպորտի և ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորումը, քաղաքային լուսավորությունը, թիրախային իրազեկումը,ցանցային անվտանգությունը և այլն:

Հեքըթոնը տևեց 18 ժամ, որի ընթացքում կազմված թիմերն աշխատեցին ծածկագրված հեռահաղորդակցության տվյալների հիման վրա օրինաչափություններ գտնել և վիզուալիզացնել առաջադրված հանրային կարևորության խնդիրների լուծումները: Միջոցառման հաղթող ճանաչվեց PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում առաջարկեց հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների վերաբերյալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Դիլիջանի ուսումնահետազոտական թիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երևան քաղաքում կայանատեղի գտնելու խնդրին: Երրորդ տեղում էին հեքըթոնի ամենաերիտասարդ մասնակիցների թիմը ԹՈՒՄՈ կենտրոնից, ովքեր հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա առաջադրեցին միտումներ միգրացիոն
հոսքերի ուղղությունների վերաբերյալ: Թիմերին շնորհվեցին դրամական պարգևներ, որոնք կուղղվեն առաջարկված լուծումների կյանքի կոչմանը:

Մրցող թիմերի աշխատանքները գնահատեց Հայաստանի առաջատար ծրագրավորման և հեռահաղորդակցության ընկերությունների, հանրային ոլորտի, ինչպես նաև աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներից, ղեկավարներից և տվյալների գիտնականներից (data scientists) կազմված ժյուրին:

Վերջին տարիներին տվյալների կառավարման գիտությունը (BigData Science) զգալի առաջընթաց է արձանագրել: Նոր գործիքները, մոտեցումներն ու մեթոդները ոլորտի զարգացման նոր հեռանկարներ են ստեղծում ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում բազմատեսակ խնդիրների՝ այդ թվում հանրային, պետական և բիզնես ոլորտի հիմնահարցերի արագ ու արդյունավետ լուծման համար՝ տվյալների համակարգման ու վերլուծության միջոցով: Տվյալների վերլուծությունները հիմք են ծառայում կանխատեսումների ու տեղեկացված որոշումների կայացման համար:

Տվյալների կառավարման գիտությունը ներառում է տվյալների բազմատեսակ ծավալուն բազաների վերլուծություն՝ օրինաչափությունների, միտումների ու տեղեկատվության վերհանման միջոցով տեղեկացված որոշումներ կայացնելու համար:

Տվյալների կառավարման գիտությունը նորարարության հզոր շարժիչ է, որը թույլ է տալիս տվյալները արագ և փորձագիտորեն վերլուծել ու հարմարեցնել որոշումների կայացման տեղական պահանջներին: Այն հնարավորություն է տալիս ավելի օպերատիվ մոտենալ առկա խնդիրների լուծմանը և ձեռք բերել զգալի մրցակցային առավելություններ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում այն արդյունավետ է բազմազան սոցիալական, քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման և կանխատեսման համար:

Մրցույթ-հեքըթոնի հեռանկարային նպատակն է Հայաստանում տվյալների վերլուծության լաբորատորիա (Armenia BigData Lab) հիմնել՝ այս պրոգրեսիվ ոլորտը Հայաստանում զարգացնելու նպատակով: Լաբորատորիան հնարավորություն կտա Հայաստանի ՏՏ ոլորտում առկա հզոր ներուժը կիրառել նաև տվյալների կառավարման ոլորտում, կենտրոնացնել միջազգային նախագծերի փորձն ու ներուժը, ինչպես նաև խթանել մատուցվող ծառայությունները և ստեղծվող պրոդուկտները:

Armenia BigData մրցույթ-հեքըթոն միջոցառումը կյանքի կոչվեց ոլորտի այնպիսի առաջատարների աջակցությամբ, ինչպիսիք են Մոնիտիս, ՊիքսԱրտ, ՅուՔոմ, Վոլո, ԲեթՔոնստրակտ, Թիմաբլ ընկերությունները և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ և անցկացվեց մրցույթը:

Հավելյալ տեղեկությունների համար http://armdatahackathon.weebly.com/