Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
97 անձ Հայաստանում շարժունակությունը վերականգնող MetaGait նորարարական սարք կստանա
29/03/2022 19:32

97 անձ Հայաստանում շարժունակությունը վերականգնող MetaGait նորարարական սարք կստանա

ՔայլՏեք ընկերությունը, որը 2016 թվականի պատերազմից ի վեր զբաղվում է վիրավոր մարտիկների համար շարժունակությունը վերականգնող և աջակցող սարքերի արտադրությամբ, «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է դրամահավաքի նախագիծ, որի արդյունքում 97 հոգի կստանա ընկերության կողմից առաջարկվող նորարարական MetaGait սարքը՝ ռեաբիլիտացիա անցնելու համար։

Տարիների ընթացքում թիմը մշակել ու փորձարկել է սարքի մի քանի տարբերակ։ Վերջինը՝ MetaGait-ը, ներառում է վերականգնողական սարքը, որի վրա նույնիսկ ամբողջությամբ շարժունակությունը կորցրած անձը կարող է ուղիղ կանգնել և «քայլել», ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոց (VR), որը թույլ է տալիս ռեաբիլիտացիան համատեղել խաղի հետ՝ դահուկ քշել կամ շրջել դիտարժան վայրերում։ Բացի այդ, ռեաբիլիտացիա անցնող մարտիկները կարող են պայմանավորվել և առցանց միաժամանակ միանալ VR-ին ու ընթացքում շփվել։

«MetaGait-ը թույլ է տալիս կանխարգելել անշարժունակությունն ուղեկցող ավելի քան 30 հիվանդություններ, որոնք զարգանալու դեպքում կարող են մահացու լինել։ Իսկ մեր մասնագետների մշակած 3D խաղերը այնպես ալգորիթմներով են աշխատում, որ հասկանում են, թե որ մկաններին է պետք առավել ուշադրություն դարձնել ու ակտիվացնում են դրանք։ Խաղացողը, տարվելով խաղով, անգիտակցորեն փորձում է շարժել ոտքերը կամ ձեռքերը, ու դա նպաստում է նեյրոնային կապերի ստեղծմանն ու արագացնում է ռեաբիլիտացիան»,- նշում է ՔայլՏեք ընկերության հիմնադիր, կինեզիստ Դավիթ Արսենյանը։ 

«Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մի քանի օր չքայլեք։ Մկանների ատրոֆիա կստանաք։ Ես առաջինն էի, ով տանը MetaGait ունեցավ։ Իմ բախտը բերեց, ու հիմա իմ վերականգնումը մի քանի անգամ արագ է անցնում։ Միայն այն, որ ես հիմա կարող եմ ոտքի վրա կանգնել ու սուրճ խմել, արդեն մեծ առաջընթաց է։ Հասկանո՞ւմ եք, տղաների համար պատերազմից հետո ամեն մի շարժումը անգին է։ Ուրախալի է, որ նոր սարքի նոր տարբերակում խաղալու հնարավորություն կա։ Հետաքրքիր է՝ ինչպես ես ինձ կզգամ վիրտուալ իրականության մեջ։ Շատ կուզեմ նոր ծանոթություններ հաստատել խաղում, ընկերներ գտնել, ուղղակի շփվել ու լիարժեք մարդ զգալ ինձ», – ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Վարդանյանը, որը վիրավորում է ստացել 2020 թ․ հոկտեմբերի 10-ին։

Մեկնարկած դրամահավաքի նպատակն է հավաքել 75 մլն դրամ, որը թույլ կտա պատրաստել և բաժանել 35 սարք այն մարդկանց, որոնք այս պահին ամենաշատն ունեն դրա կարիքը։

35 սարքից 15-ը տրամադրվելու է վերականգնողական հաստատությունների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Ոսկեփորիկ զարգացման կոնտրոն (Եղեգնաձոր), Լուսե կենտրոն (Երևան), Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (Երևան), Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն (Արցախ), ևս 20 սարք տրամադրվելու է անհատների, որոնք չեն կարող այցելել որևէ կենտրոն։

Դրամահավաքին արդեն միացել են նաև «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը և «Ջերմուկ գրուպ» ընկերությունը։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։