Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կայացել է ԻՏՁՄ 17-րդ տարեկան համագումարը
20/04/2017 20:03

Կայացել է ԻՏՁՄ 17-րդ տարեկան համագումարը

Ապրիլի 19-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարը: Համագումարին ներկա են եղել ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ՏՀՏ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների, պետական գերատեսչությունների ղեկավարներ, դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը իր ողջույնի խոսքում նշել է. «Աշխարհում տարեցտարի մեծանում է տաղանդների սովը, մասնավորապես անցալ տարի միայն ՏՏ ոլորտի մասնագետների չբավարարված պահանջարկը ԱՄՆ-ում և Եվրոպայում կազմում էր 2 մլն: Ավելին՝ որոշակի ուղղություններում, օրինակ մեծ թվերի ոլորտում (Big Data) ԱՄՆ-ում համապատասխան ծրագրավորման հմտություններ ունեցող մաթեմատիկոսների պահանջը մոտ էր 400.000-ի: Այս ամենի եզրակացությունը մեկն է. ինչքան տեխնոլոգիապես գրագետ մարդ մենք պատրաստենք, այնքան ներգրավված կլինենք համաշխարհային տեխնոլոգիական աշխատանքի շուկայում: Այս ամենը հնարավոր է ոլորտը կոնսոլիդացնելու, ներքին արդյունավետ համագործակցություն կազմակերպելու, մեկտեղելու տեխնոլոգիական մասնավոր հատվածի, կրթական համակարգի, կառավարության և պետական կառույցների նպատակները, վերականգնելու համար Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր»:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծել է. «2019 թ.  ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT- World Congress on IT) հյուընկալելու ենք Հայաստանում: Մենք ծրագրում ենք ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել ինժեներական լաբորատորիաներ և այդպիսով աշխարհին ներկայանալ որպես միակ երկիր, որը նախնական ինժեներական կրթությունը սկսում է 10 տարեկանից»:

ԻՏՁՄ անդամ՝ X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանն էլ հանդես եկավ առաջարկութամբ, որպեսզի ԶԼՄ-ների աջակցությամբ հանրությանն ու մասնավորապես ծնողներին իրազեկել տեխնոլոգիական կրթության անհրաժեշտությունը, հաջողության պատմությունները և նպաստել ՏՏ կրթության նկատմամբ հանրության գիտակցության բարձրացմանը:

ԻՏՁՄ ռազմավարական պլանը բավականին ընդգրկուն է, ուստի Միության անդամները ընդրգրկվել են տարբեր աշխատանքային խմբերում համապատասխան հայեցակարգ և գործողությունների պլան մշակելու համար: Ռազմավարական հիմնական ուղղություններն ու վերջիններիս մոդեռատորներն են.

– Կրթություն և աշխատուժի ձևավորում. մոդերատոր՝ «Պրոքսիմուս Դի Էյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյան

– Հայկական ՏՏ բրենդի ստեղծում / Why Armenia. մոդերատոր՝ «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյան

– Պետությունը որպես պատվիրատու. մոդերատոր՝ «Լևիաթան» ընկերության տնօրեն Սաթենիկ Մնացականյան

– Ռազմարդյունաբերություն. մոդերատոր՝ «Ինստիգեյթ դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյան

– Շահերի պաշտպանություն. մոդերատոր՝ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյան

– Բիզնես և ձեռներեցության զարգացում. մոդերատոր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարդյան

– ԻՏՁՄ զարգացում. մոդերատոր՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան

Մշակված ռազմավարությունը բաց է հանրության համար: Այս ռազմավարության հիմնական օգտագործողները կլինեն Միության անդամները, գործող աշխատակազմը, ՏՀՏ և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, ՏՀՏ հետ կապված պետական, կրթական և հասարակական կառույցները:

Համագումարի շրջանակում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրել է նաև ԻՏՁՄ գործունեության նախորդ տարվա արդյունքները, մասնավորապես` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, խմբակավարների վերապատրաստման դասընթացների, ԴիջիԹեք բիզնես ֆորումի, ԴիջիԹեք ցուցահանդեսի, ՏՀՏ լիդերների հանդիպման, Բիզնես ինովացիոն ֆորումի, Ամառային Տեխնոլոգիական  և ԴիջիՔեմփ ճամբարների, ԱրմՌոբոտիքս ծրագրի Անօդաչու թռչող սարքերի մրցույթի, Բաց խաղ առաջնության, ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի, Բանակից ՏՏ ոլորտ ծրագրի և Իրական դպրոց («Համակարգերի տեսություն» (Կիբեռնետիկա) մասնագիտության) վերաբերյալ:

Համագումարի ավարտին տեղի է ունեցել ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ամենամյա փակ ընտրություն: Այս տարի ընտրությունն իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով: Ընտրության արդյունքում Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է որպես ԻՏՁՄ նախագահ: Իսկ վարչության անդամներ ընտրվել են «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր  հիմնադրամի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «LimeTech» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Դ-Լինք Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը,  «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Ֆայմտեք» ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը, իսկ «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գևորգյանը և  «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը  վեցական ամսով ընտրվել են  որպես վերստուգող: Հավելենք, որ ԻՏՁՄ-ին անդամակցում են ոլորտի 80 կազմակերպություն: