Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. Երևանում գործարկվել է 4G ցանց
07/09/2016 22:39

Beeline. Երևանում գործարկվել է 4G ցանց

Այժմ Beeline ընկերության բաժանորդները կարող են օգտվել 4-րդ սերնդի գերարագ ինտերնետ կապից: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Beeline-ը պաշտոնապես հայտարարեց Երևանում 4G/LTE բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցը հնարավորություն է տալիս օգտվելու մինչև 60 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետից:

Ցանցը հանձնվել է փորձնական կոմերցիոն շահագործման և ներկա դրությամբ գործում է Երևանի կենտրոնում: Մայրաքաղաքում արդեն տեղադրված է 4G ստանդարտ ունեցող 70 բազային կայան, որոնց թիվը մինչև տարվա վերջ նախատեսվում է ավելացնել մինչև 150:

«Տեխնոլոգիաները զարգանում են, և որպես Հայաստանում կապի խոշորագույն օպերատոր, Beeline-ն անմասն չի մնա այդ գործընթացից: Ուրախ ենք տեղեկացնել, որ բջջային ինտերնետի մեր բոլոր ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ և հարմար` շնորհիվ  4G ստանդարտով նոր, ժամանակակից բջջային ցանցի», – լրագրողների հետ հրավիրված հանդիպման ժամաանկ նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինչպես վստահեցնում են Beeline-ից՝ ընկերության տեխնիկական մասնագետների կողմից իրականացվել են զգալի աշխատանքներ ուղղված ցանցի արդիականացմանը, և այժմ համակարգը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որը ամենամոտ ժամանակում հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել նոր ծառայություններ: Ցանցի վերազինման աշխատանքները շարունակվում են, և շուտով Երևանում լիովին կարդիականացվեն սարքավորումները, ինչն, անկասկած, էականորեն կբարելավի մայրաքաղաքում տրամադրվող ծառայությունների որակը:

Սպասվում է, որ մինչև հաջորդ տարվա վերջ 4G/LTE բջջային ցանցը կգործարկվի նաև հանրապետության առավել խոշոր քաղաքներում:

«Բոլոր  միջազգային ստանդարտներին համապատասխանող ցանցի կառուցումը և մեր հարյուր հազարավոր բաժանորդներին գերարարգ ինտերնետով ապահովելը մեծ մարտահրավեր է և պատասխանատվություն մեր ընկերության տեխնիկական բլոկի համար: Սակայն տեխնոլոգիաների զարգացումը և բաժանորդներին լավագույն որակի ծառայություններով ապահովելը մեր նպատակն է և մենք պատրաստ ենք այն իրագործել», – նշեց ընկերության Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:

Հարկ է նշել, որ նոր ցանցից օգտվելու համար բաժանորդի սմարթֆոնը, պլանշետը կամ USB-մոդեմը պետք է համապատասխաննեն 4G/LTE ցանցի պահանջներին և ունենան տեղադրված USIM-քարտ: