Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ամփոփվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը
23/02/2024 18:22

Ամփոփվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը

Այսօր հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի արդյունքները: Ծրագիրը, որն իրականացրել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ, ԳՄՀԸ), մեկնարկել է 2019 թվականին, համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսն իր ելույթում ողջունեց ծրագրի բոլոր անդամներին ու շնորհակալություն հայտնեց կատարած մեծածավալ աշխատանքի համար։

14,95 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով 150 ձեռնարկություններ և ընկերություններ ստացել են տեխնիկական և ֆինանսական աջակցություն, 126 գործընկեր ստացել է դրամաշնորհ և ավելի քան 350-ը մասնակցել է ITTD-ի տարբեր ծրագրերի: ITTD-ի շնորհիվ ստեղծվել և պահպանվել է 1415 աշխատատեղ։ Աջակցվող ձեռնարկությունների աշխատակիցների կեսից ավելին կանայք են, իսկ ձեռնարկությունների 78%-ից ավելին ունեն կին սեփականատեր կամ կին ղեկավար պաշտոնյա:

«ITTD-ի շնորհիվ Հայաստանի հյուսիսում իրականացվել են մի շարք հրաշալի նախաձեռնություններ, որոնք նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների միջոցով աշխուժացնում են տեղական տնտեսություններն ու համայնքները: Այս ձեռնարկությունները ոչ միայն արժևորում են Հայաստանի մշակութային ժառանգությունն ու գեղեցիկ բնաշխարհը, նաև նպաստում են կայուն ապրուստի միջոցների աղբյուրների ստեղծմանը: Իսկ տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը, որպես տարածաշրջանում տեխնոլոգիական նորարարությունների կենտրոն»,- նշել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը:

«GIZ-ի համար մեծ պատիվ է մեզ վստահված նախագծերի միջոցով աջակցել Հայաստանի կառավարությանը բարելավել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: ITTD-ի շնորհիվ մենք տեսանք, թե ինչպես կարող է նորարարությունը կատարել էական փոփոխություններ: Մեր գործընկերների հետ աշխատում ենք գտնել ճկուն և արդյունավետ լուծումներ, որոնք մարդկանց կօգնեն բարելավել իրենց կենսապայմանները և ունենալ կայուն եկամուտ։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք աջակցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»,-նշել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը։

«Զբոսաշրջության կոմիտեն վերջին մի քանի տարիների ընթացքում պատիվ է ունեցել աշխատել ԵՄ-ի, BMZ-ի և GIZ-ի հետ։ Համատեղ գործակցության շնորհիվ մեկնարկել են մարքեթինգային արշավներ, իրականացվել են համաշխարհային զբոսաշրջության քարտեզում Հայաստանի ներկայության բարձրացմանն ուղղված նշանակալի միջոցառումներ։ Ստեղծվել է նոր կայք և մշակվել է նոր բրենդինգ՝ «Հայաստան. թաքնված ուղի»:  Մենք ունեցել ենք հիանալի գործընկերություն և մեծապես գնահատում ենք մեր գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը  մեկնարկել է 2019 թ.-ին և շարունակվելու է մինչև 2024թ. ապրիլը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը Եվրոպական Միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (www.eu4business.eu) մասն է: