Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կասպերսկի. Աշխարհում համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թիվը նվազել է
12/09/2023 11:14

Կասպերսկի. Աշխարհում համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թիվը նվազել է

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում կանխել են առցանց հասանելիության միջոցով բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 95 546  եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի ապրիլ-հունիսին դրանք հայտնաբերվել են 100 829 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Աֆղանստանի (օգտատերերի 3,7%), Թուրքմենստանի  (3,6%) և Տաջիկստանի (3,2%) համակարգիչների օգտատերերը, ապա մեկ տարի առաջ այդ ցանկը գլխավորում էին նույն երեք երկրները, բայց միայն Թուրքմենստանը (4,8%) առաջին տեղում էր, Աֆղանստանը (4,3%)՝ երկրորդում, իսկ Տաջիկստանը (3,8%) եզրափակում էր եռյակը։

Ընկերության տվյալներով՝ 2023-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 15 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 1917 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույն քանակի ընտանիքների և 2355 նոր մոդիֆիկացիայի դիմաց։ Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին «Կասպերսկի» ընկերության պրոդուկտներն ու տեխնոլոգիաները ծածկագրիչների գրոհներից պաշտպանել են 57 612 օգտատիրոջ, իսկ անցյալ տարվա նույն ամիսներին՝ 74 377: Երկրների եռյակը, որոնք ամենաշատն են ենթարկվել ծածկագրիչների գրոհների, մնացել է անփոփոխ. ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին Բանգլադեշը (1,38%) առաջինն էր, Հարավային Կորեան (1,25%) ՝ երկրորդը, իսկ Եմենը (1,18%)՝ երրորդը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Բանգլադեշը (1,81%) նույնպես առաջինն էր, բայց Եմենը (1,24%) երկրորդն էր, իսկ Հարավային Կորեան (1,11%)՝ երրորդը:

Ընկերության փորձագետները գրանցել են նաև թաքնված կրիպտոմայներների ակտիվության անկում։ Այսպես, ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին հայտնաբերվել է մայներների ընդամենը 2184 նոր մոդիֆիկացիա՝ մեկ տարի առաջվա 40 788-ի դիմաց, ինչպես նաև 384 063 եզակի օգտատերերի համակարգիչների վրա մայներների օգտագործմամբ գրոհներ՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի 454 385  եզակի օգտատերերի դիմաց։ 2023-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը եղել է Տաջիկստանում (3,06%), Ղազախստանում (2,14%) և Ղրղըզստանում (1,97%), իսկ մեկ տարի առաջ՝ Ռուանդայում (2,94%), Եթովպիայում (2,67%) և Տաջիկստանում (2,35%)։

Անկում է նկատվում նաև ինտերնետի միջոցով գրոհող (վեբ-գրոհներ) չարագործների գործունեության մեջ. 2023-ի երկրորդ եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 801 934 281 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 209 716 810 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 1 164 544 060 գրոհ և արձանագրվել 273 033 368 եզակի URL: Այս տարվա ապրիլ-հունիսին ինտերնետի միջոցով գրոհների ամենաշատը ենթարկվել են Հունաստանում (13,65%), Թուրքիայում (13,62%) և Թայվանում (13,02%) գտնվող օգտատերերը, իսկ մեկ տարի առաջ Թայվանը (26,07%) առաջին տեղում էր, որին հետևում էր Հոնգկոնգը (14,60%), իսկ Ալժիրը (14,40%) երրորդ տեղում էր:

Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2023-ի երկրորդ եռամսյակում ընկերության ֆայլային հակավիրուսը գրանցել է 39 624 768 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 55 314 176։ 2023-ի ապրիլ-հունիսին տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների ցանկի առաջին տեղը զբաղեցրել Է Թուրքմենստանը (43,95%), որին հաջորդում են Աֆղանստանը (43,39%) և Եմենը (40,68%), ապա մեկ տարի առաջ եռյակը հետևյալ տեսքն է ունեցել՝ Թուրքմենստան (47,54%), Տաջիկստան (44,91%), Աֆղանստան (43,19%):