Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը
31/05/2023 20:05

Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը

Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը:

SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։ Ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցելու համար ընկերությունը օգտագործում է միջազգային մի քանի կապուղիներ։

Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության և անվտանգության մակարդակը, բացի այդ հիմք է ստեղծում խմբի անդամ Team Telecom Armenia-ի համար՝ տարածաշրջանում դիրքը ամրապնդելու։

«Սա լավ նախադրյալ ու հեռանկար է բացում միջազգային այլ ընկերությունների հետ ապագա համագործակցությունների ու մեր առկա պոտենցիալի մեծացման համար։ Այս գործարքը Հայաստանն է՛լ ավելի հուսալի և անխափան ինտերնետով ապահովելու մեր ռազմավարական քայլերից է»,- նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

«Ի դեմս նոր համասեփականատիրոջ՝ SkyTel-ը ձեռք է բերել փորձառու և ուժեղ գործընկեր: Team-ի գիտելիքների և փորձի, ինչպես նաև ընկերությունում մասնակցության շնորհիվ, մենք ակտիվորեն կզարգացնենք օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայությունը, ինչը Team-ն արդեն անում է Հայաստանում։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցի ծածկույթը Վրաստանի ևս 220-400 բնակավայրերում»,- նշել է SkyTel-ի տնօրեն Արչիլ Խոջաշվիլին։

SkyTel-ը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Ըստ Վրաստանի հաղորդակցությունների ազգային կոմիտեի (GMCC), Վրաստանի երեք խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկն է։ SkyTel-ի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը գերազանցում է 6000 կմ-ը, իսկ անլար ինտերնետի բազային կայանների թիվը 1200 է։ Ընկերությունը մոտ 70 000 բաժանորդին տրամադրում է ինտերնետ և IPTV թվային հեռուստատեսության ծառայություններ:

Թիմ ընկերությունների խմբին են պատկանում այդ թվում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։