Web

Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Orange Armenia. այսօր նշվում է Ապահով համացանցի օրը
09/02/2016 20:13

Orange Armenia. այսօր նշվում է Ապահով համացանցի օրը

Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ապահով համացանցի օրը: Արդեն հինգերորդ  տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Օրանժ Արմենիան, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ, նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:
 
«Ապահով համացանց Հայաստան» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Բացի այդ, կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև լիարժեք տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ:

«Հայաստանում օրեցօր աճում է համացանցի օգտատերերի թիվը. ինտերնետը յուրաքանչյուրիս առօրյայում ազդեցիկ տեղ է զբաղեցնում: Ինտերնետի աճող հասանելիությունն անշուշտ ընձեռում է կրթության և զարգացման լայն հնարավորություններ, սակայն,  միևնույն ժամանակ անհրաժեշտություն ստեղծում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների համար համացանցն ապահով դարձնելու խնդրին: Այս պատճառով արդեն հինգերորդ տարին անըդնմեջ մեր գործընկերների հետ միասին նախաձեռնում ենք այս ծրագիրը՝ համացանցի օգտատերերին կրթելու և անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը բարելավելու համար», – նշեց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Այս տարի «Ապահով համացանց Հայաստան» ծրագրում  համացանցի ապահովությանն ուղղված միջոցառումներից բացի արտահայտված է նաև կրթական բաղադրիչը: Համացանցում երեխաների անցկացրած ժամանակն ավելի բովանդակալից դարձնելու համար ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել www.edublogs.am կրթական պորտալ: Այստեղ դպրոցականները կկարողանան գտնել զանազան կրթական նյութեր, դիտել դասընթացների ձայնագրություններ, հետևել ուսուցիչների կողմից ստեղծված առարկայական բլոգների և այլն: Երևանի և մարզերի դպրոցների 100 ուսուցիչների համար կանցկացվեն բլոգների ստեղծման և  Scorm ստանդարտների դասընթացներ:

«Փորձը ցույց է տալիս, որ ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասաց «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:

Համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ կարելի է գտնել www.safe.am կայքում:

«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004 թվականից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, համախբում է մարդկանց` պայքարելու ապօրինի, վնասակար և անցանկալի բովանդակության դեմ: