Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ամփոփվել են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի արդյունքները
20/11/2015 22:22

Ամփոփվել են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի արդյունքները

Նոյեմբերի 20-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, նվիրված «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի  արդյունքների ամփոփմանը:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ծրագրի իրականացնող` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:

Ասուլիսին ներկա էին նաև ավտոարշավի մասնակից ընկերությունների և աջակից կառույցների ներկայացուցիչները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում նշել է. «Սա նոր ձևաչափ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու, ինչպես նաև բիզնեսի համար «B2B» հանդիպումներ կազմակերպելու առումով: Համագործակցության մեծ շրջանակ է այս նախաձեռնության մեջ ընդգրկված և պետական մարմինների և մասնավոր հատվածի կողմից, որովհետև այս ձևաչափը նաև նախադեպ է լինելու այլ ոլորտների ձեռքբերումներն աշխարհին ցուցադրելու համար: «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ»-ի ընթացքում պետական և մասնավոր հատվածը հնարավորություն ունեցան Եվրոպային ներկայացնել Հայաստանի ոչ միայն ՏՀՏ ոլորտի հաջողությունները, այլ նաև այն բարենպաստ ներդրումային միջավայրը, որը ՀՀ կառավարությունն ապահովել է Հայաստանում»:

Ասուլիսի մյուս բանախոսները մանրամասնել են ավտոարշավի ընթացքում կայացած կարևոր հանդիպումների մասին և ներկայացրել ավտոարշավին նվիրված տեսահոլովակ:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրն իրականացվել է հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ: Ծրագրին մասնակցել են հայկական 26 տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների 36 պատվիրակներ: ՏՀՏ ավտոարշավը ներառել է 18 երկրներ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում:

Հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլև Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական երկրի, հնարավորությունները, որն ունի նաև բարենպաստ ներդրումային միջավայր և կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային շուկաներ մոտք գործելու համար: Պատվիրակության մասնակիցները ավելի քան 300 նախնական կապեր և պայմանավորվածություններ են ձեռք բերել եվրոպական գործընկերների հետ:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրին պետական աջակցության և մասնակցության հարցերի համակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ՀՀ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները, ՓՄՁ ԶԱԿ-ը և այլ պետական և մասնավոր կառույցներ:

Հանդիպումներին առարկայական աջակցություն է ցույցաբերել ԵՄ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Չեխիայում և Բելգիայում, ՀՀ Կենտրոնական Բանկի ներկայացուցչությունը Ավստրիայում:

Ծրագրի իրականացմանը աջակցել են նաև ԼՂՀ կառավարությունը, «Ռեսո», «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունները, Համաշխարհային Հայկական Կոնգրեսը: Ծրագրի գլխավոր հովանավորներն են «Լոֆթ» և «Սիթիմոբիլ» ընկերությունները, իսկ գլխավոր ֆինանսական գործընկերը և աջակիցը՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: