Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում ընթանում է միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադան
14/10/2015 13:31

ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում ընթանում է միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերն է: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010 թվականին՝ անցած վեց տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 54 միլիոն դրամ: Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 29 երկիր. Հայաստան, Արցախ, Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Չինաստան, Եգիպտոս, Վրաստան, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Հորդանան, Մալայզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Ուրուգվայ, ԱՄՆ և Վիետնամ:

Օլիմպիադան զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթությանն աջակցելու հարցում և նպաստում է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը: Զուգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչև 30 տարեկան բազմաթիվ տաղանդավոր ինժեներների և խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների մակարդակը  գնահատելն է: Դա բխում է տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու հրամայականից:

«Ցանկանում եմ ողջունել մեր հյուրերին՝ տաղանդավոր այս երիտասարդներին, ովքեր ժամանել են տարբեր երկրներից՝ հանուն առողջ մրցակցության: Միկրոէլեկտրոնիկան գիտության այն ուղղություններից է, որը տաղանդավոր կադրերին թույլ կտա իրենց ներուժով  նպաստել երկրի արդյունաբերության զարգացմանը: Միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտում ընկերության երկարաժամկետ ներդրումը պայմանավորված է նրանով, որ միկրոէլեկտրոնիկայի, ՏՀՏ և հեռահաղորդակցության ոլորտներն ունեն կայուն տնտեսական զարգացման և առաջընթացի գերակա ուղղություններ դառնալու ներուժ, ինչպես եղել է մի շարք երկրներում: Մենք իսկապես հպարտ ենք մասնակցելու մի նախաձեռնության, որն ունի երկրի հզորացմանը նպաստելու հսկայական ներուժ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառման ընթացքում: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր մրցանակ: