Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՁԻՀ-ը մեկնարկում է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն
11/11/2024 11:41

ՁԻՀ-ը մեկնարկում է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկել է «AI4ALL»՝ արհեստական բանականությունը բոլորի համար նոր նախաձեռնություն, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել արհեստական բանականության տարբեր գործիքներին՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություն կամ կիրառել դրանք ներկայիս աշխատանքում։

Ներկայումս AI/ԱԲ-ն հնարավորություն է՝ զարգացնելու մասնագիտական և թվային հմտություններ տարբեր ոլորտներում՝ դիզայն, մարքեթինգ, ծրագրավորում, ուսուցում, խաղային արվեստ և այլն: Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են դասընթացներ, աշխատարաններ և վեբինարներ, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին հարստացնելու իրենց գիտելիքները և ավտոմատացնելու աշխատանքային որոշ գործընթացներ:

«Մեզ համար կարևոր է մարզերի երիտասարդների կայուն զարգացումը և նրանց զինումը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող հմտություններով,- նշում է ՁԻՀ-ում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը, – այսօրվա աշխարհում արհեստական բանականության գործիքների իմացությունն ու կիրառումը կարևոր նշանակություն ունեն։ ԱԲ գործիքները հնարավորություն են տալիս մասնագիտանալ տարբեր ոլորտներում, կարճ ժամանակում սովորել նոր մասնագիտություն, հաշված րոպեների ընթացքում պատրաստել նախագծեր, որոնք նախկինում երկար ժամանակ էին պահանջում։ Իզուր չէ, որ նախաձեռնության կարգախոսը «AI-ը քո հնարավորությունն է․․․», քանի որ ԱԲ-ի ընձեռած հնարավորության շնորհիվ կարելի է մասնագիտանալ, նոր աշխատանք գտնել, նոր մոտեցումներ սովորել ու կիրառել»։

«AI4ALL»՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նախաձեռնության շրջանակում արդեն մեկնարկել է դասընթացների ու աշխատարանների մասնակցության հայտերի ընդունումը։ Դասընթացների առանձին ուղղվածություն է «ԱԲ/AI-ը ուսուցիչների համար», որը նախատեսված է Հայաստանի բոլոր մարզերի մինչև 29 տարեկան ներկա և ապագա ուսուցիչների համար։ Դասընթացի ընթացքում մանկավարժները կսովորեն դասավանդման մեջ կիրառվող տարբեր գործիքներ, որոնք կհեշտացնեն իրենց աշխատանքը, ավելի հետաքրքիր և ինտերակտիվ կդարձնեն դասերը սովորողների համար։  Աշխատարանների մյուս շարքն անդրադառնում է ԱԲ/AI գործիքների կիրառմանը ստեղծարար և տեխնոլոգիական ոլորտներում՝ գրաֆիկ դիզայն, բովանդակության մշակում, տեսանյութերի ստեղծում ու խմբագրում, ինչպես նաև կայքերի և հավելվածների ծրագրավորում։

Նախաձեռնության մանրամասների, դասընթացներին և աշխատարաններին դիմելու կարգի և այլ մանրամասների համար հետաքրքրվողները կարող են դիմել՝ նամակ գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 11 21 97 97 հեռախոսահամարին։

Տվյալ փուլում դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 15-ը։

Օֆֆլայն դասընթաց ուսուցիչների համար-https://bit.ly/40nz6YC

Օնլայն դասընթաց ուսուցիչների համար-https://bit.ly/4fqVdC2

Աշխատարաններ Շիրակի մարզի երիտասարդների համար- https://bit.ly/40mIImo ։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։