Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»
31/05/2024 19:22

Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»

Ինժեներական քաղաքում այսօր բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»՝ նշանավորելով նոր քայլ և զգալի առաջընթաց երկրի գիտական ​​և տեխնոլոգիական ոլորտներում:

«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը» հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի/ Պոլ Սաբատիե համալսարանի, ԱԹՈՍ (այժմ՝ Էվիդեն) ընկերության համագործակցությամբ։

Հատկանշական է, որ «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն»-ում տեղադրված գերհամակարգիչը լեգենդար Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչվել է «Ազնավուր»՝ խորհրդանշելով հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը։

Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնը հնարավորություն ունի շատ արագ կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։

«Կենտրոնը խոշոր ներդրում է Հայաստանի ապագայի համար և լայն հնարավորություններ է ընձեռում գիտական նորարության, արհեստական բանականության, ՏՏ ոլորտում։ Այս կենտրոնը ոչ միայն կընդլայնի մասնագետների հետազոտական ​​կարողությունները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, համաշխարհային գործընկերությունների ընդլայնմանը, կխթանի երկրի կայուն տնտեսական աճը։ Կենտրոնը ևս մեկ անգամ կամրապնդի Հայաստանի դիրքավորումը՝ որպես տեխնոլոգիաների և հետազոտությունների տարածաշրջանային առաջատար»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը: Նա կարևորել է նաև նման մասշտաբային ծրագիր իրականացնելու գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ու իրականացված աշխատանքները։

Միջոցառման ընթացքում ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը հանդես է եկել «Բացահայտելով Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի ներուժը» վերնագրով բանախոսությամբ։

«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնն» այսօրվանից բաց է և պատրաստ է ծառայելու՝ որպես գիտական ​​հետազոտությունների և տեխնոլոգիական առաջընթացի կիզակետ:

Կենտրոնը կխթանի գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտների զարգացումը՝ մասնագետներին ապահովելով ժամանակակից հետազոտություններ կատարելու և բարդ ու համալիր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսներով: «Հայաստանում ազգային գերհամակարգչային կենտրոնը» նշանակալի դեր կխաղա Հայաստանի գիտելիքահենք տնտեսության առաջխաղացման գործում: