Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ServiceTitan-ը ձեռք է բերում Convex-ը
05/04/2024 16:39

ServiceTitan-ը ձեռք է բերում Convex-ը

Տարիներ շարունակ ServiceTitan-ը և Convex-ը իրարից անկախ ստեղծել են ծրագրային լուծումներ կոմերցիոն ծառայություններ մատուցող ընկերությունների և կապալառուների համար։

Այսօր այս երկու ընկերությունները միավորում են ուժերը՝ էլ ավելի բարելավելու իրենց հաճախորդների աշխատանքային ամենօրյա գործունեությունը և եկամտաբերությունը։

Ապրիլի 2-ին հայ հիմնադիրներ ունեցող առաջին միաեղջյուր (Unicorn) տեխնոլոգիական ընկերություն ServiceTitan-ը հայտարարեց Convex ընկերությունը գնելու համաձայնագիր ստորագրելու մասին։ 

Convex-ը վաճառքի և առաջխաղացման առաջատար հարթակ է, որն ստեղծված է հատուկ կոմերցիոն բիզնեսներին սպասարկող կապալառուների համար: 2017-ին հիմնադրված ընկերությունն արդիականացնում է այս ոլորտը տվյալների վրա հիմնված լուծումներով, որոնք մեծացնում են կապալառուների եկամուտը՝ բարելավելով նրանց ռազմավարություններն ու դրանց իրագործումը:

«ServiceTitan-ի առաքելությունն է ստեղծել տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք զգալիորեն կբարելավեն յուրաքանչյուր կապալառուի կյանքը», – ասում է  ServiceTitan-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Արա Մահդեսյանը, – «Այս պահին հատկապես կենտրոնացած ենք կոմերցիոն բիզնեսներին սպասարկող ընկերությունների համար բարձր եկամուտ ապահովող, նպատակային աշխատող ծրագրի մատուցման վրա»:

«Այս շուկայում աշխատող ընկերությունները արժանի են այնպիսի հարթակի, որն աշխատում է նույնքան ջանասիրաբար, որքան նրանք՝ հարթակ, որը կարող է օգնել նրանց գործել և ապահովել շահութաբեր աճ գալիք տասնամյակների ընթացքում: Անչափ ուրախ եմ ողջունել Convex-ին ServiceTitan ընտանիքում։ Մենք միավորում ենք ուժերը՝ միասին շարունակելու այս առաքելությունն իրականություն դարձնելու ճանապարհը», – ասում է Արա Մահդեսյանը:

Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի` 2012-ին հիմնադրած ServiceTitan-ը հեղինակավոր Forbes պարբերականի կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի 100 լավագույն մասնավոր ընկերությունների ցանկում 5-րդն է։

Ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ի դեկտեմբերին՝ սկզբում ունենալով ընդամենը հինգ աշխատակից։ Այսօր Հայաստանի գրասենյակում աշխատում է ավելի քան 400, իսկ ամբողջ աշխարհում ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 2800-ը։ Ընկերության առաջարկած ծրագրային ապահովումից օգտվում է ավելի քան 100 000 կապալառու ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս բոլոր թվերը շարունակաբար աճում են։