Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
48 միլիոն դոլարի ներդրումներ հայկական ստարտափներում՝ Օրիոնի աջակցությամբ 
24/01/2023 12:19

48 միլիոն դոլարի ներդրումներ հայկական ստարտափներում՝ Օրիոնի աջակցությամբ 

Orion Worldwide Innovations-ի աջակցությամբ հայկական ստարտափներում 2020-2022 թվականներին ներդրումների ծավալը հասել է 48 միլիոն դոլարի: Անցած տարվա ներդրումները կազմել են 21 միլիոն դոլար: 

Ներդրումներն ուղղվել են BAJ Accelerator ծրագիրն ավարտած ստարտափներին: Ծրագիրն անցել են ավելի քան 104 ստարտափներ, որոնք գտնվում են նախնականից մինչև A+ փուլերում: Մինչև ֆոնդհայթայթումը, ընկերությունները նախ անցնում են BAJ Accelerator 6-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը հիմնել են Օրիոնը, Բալթյան-ամերիկյան առևտրային պալատը և Ջեյքոբս Թեքնիոն-Քորնել Ինստիտուտը: 

Հիմնական ներդրումները ներգրավվել են վենչուրային, կորպորատիվ վենչուրային ֆոնդերից, հրեշտակ ներդրողներից ու ընտանեկան գրասենյակներից: «Ներդրումներ ստացած ստարտափները գործում են ֆինթեխ, անվտանգության, առողջապահության, ռոբոտաշինության, ծրագրային ապահովման ոլորտներում: Այս տարի հունիսին Նյու Յորքում անցկացվելիք Orion Summit 2023-ը ստարտափների համար յուրահատուկ հնարավորություն է միջազգային փորձ և պոտենցիալ ներդրողների հետ նոր կապեր ձեռք բերելու համար»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր, BAJ Accelerator ծրագրի համահիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

BAJ Accelerator ծրագրի հաջորդ խմբի վերապատրաստումը կմեկնարկի մայիսի 14-19-ին: Իսկ հունիսի 19-22-ին տեղի կունենա Orion Summit 2023-ը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:    

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։