Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան
17/07/2018 14:36

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։

Համակարգի 1000 սարք վաճառվել է սկանդինավյան երկրների, Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի և ՌԴ-ի դիստրիբյուտորներին:

Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Մաշուրյանը նշում է, որ սարքավորումները «Made in Armenia» դրոշմը կրող եզակի hardware-ինժեներիայի արտադրանքներից են։ «Մենք կարող էինք կազմակերպել արտադրությունը ԵՄ-ում կամ Չինաստանում, սակայն մեզ համար կարևոր էր ստանալ սարքավորում, որի մասին հպարտորեն ասվեր՝ «Նախագծված ու արտադրված է Հայաստանում»։ Մեր երկիրն արդեն ունի որակյալ ծրագրեր արտադրողի համբավ։ Այժմ մենք ցույց ենք տալիս, որ մեզ մոտ կարելի է նաև որակյալ hardware-արտադրանք ստեղծել», – նշել է նա։

Heltun-ի արտահանած առաջին խմբաքանակում են խելացի թերմոստատներ, որոնք խնայում են բնակարանի կամ օֆիսի ջեռուցման և հովացման ժամանակ ծախսվող էլէներգիայի մինչև 50%-ը, և լուսավորությունը, պատուհանները, դռները, ժալյուզիները, փականները և բազմաթիվ այլ ֆունկցիաներ ղեկավարող սենսորային վահանակներ։ Ողջ համակարգը կառավարվում է նաև պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով։

«Մենք համոզված ենք, որ Heltun-ի արտադրանքը կգտնի իր սպառողներին Նորվեգիայում և կդրդի մյուս «Խելացի Տուն» արտադրողներին ստեղծել մարդկանց կյանքն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնող նոր սարքավորումներ», – նշել է սկանդինավյան երկրներում արտադրանքի դիստրիբյուտոր՝ «Tronika AS» ընկերության տնօրեն Ս․ Վոտյուկը:

 «Հայկական ընկերության արտադրանքը գրավեց մեզ իր գեղեցիկ դիզայնով, բարձր որակով ու մրցունակ գնով։ Heltun-ի սարքավորումների նախապատվության մեջ զգալի դեր են խաղացել նաև մտածված ինտերֆեյսն ու սարքավորումների մեծ ֆունկցիոնալությունը։ Մոտակա ժամանակաշրջանում ընկերությունը կարող է առաջատար դառնալ իր ոլորտում» – նշում է ՌԴ-ում ընկերության արտադրանքի դիստրիբյուտոր՝ “Умные Устройства” ընկերության տնօրեն Ս․ Պոլտորակը։

Ընկերությունն ունի ավելի քան 10 նախագծված սարք, որոնք պատրաստ են արտադրության։ Պլանավորված է հաջորդ տարի արտահանել 10․000 սարքավորումից բաղկացած խմբաքանակ, որի արտադրության համար ընկերությունն իր արտադրամասում աշխատողների թիվը կհասցնի 30-ի։ «Մենք համոզված ենք պահանջարկի աճի մեջ, ուստի արտադրության ծավալների մեծացման համար նոր ներդրումներ ու տեխնիկական մասնագետներ են պահանջվում», – նշում է Աշոտ Մաշուրյանը։

Խելացի Տունը օֆիսում կամ բնակարանում կատարվող առօրյա կենցաղային գործողությունների ավտոմատացման համակարգ է։ Այն ավտոմատ կերպով ղեկավարում է լուսավորումը, կլիման, դռներն ու պատուհանները, անվտանգության համակարգերը (օրինակ, ջրի արտահոսքը արձանագրող և կանխող տվիչները) հեռուստացույցն ու մյուս մուլտիմեդիա համակարգերը և բազում այլ սարքավորումներ։ Համակարգը մեկ ցանցում է միավորում ողջ տունը, իսկ արհեստական ինտելեկտն օգնում է ծրագրավորել այն տանտիրոջ պահանջներին համապատասխան։

Արդի համակարգերը ոչ միայն անվտանգ ու հարմարավետ կենցաղի երաշխիք են, այլ նաև օգնում են խնայել կոմունալ ծախսերը։

«Խելացի Տուն» համակարգերի գլոբալ շուկան գնահատվում է $24 մլրդ։ Կանխատեսումների համաձայն, 2022 թվականին այն կկազմի $53 մլրդ։