Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՎիվաՍել-ՄՏՍ. նոր կայանը բջջային կապ ու ինտերնետ կապահովի «Խոսրովի անտառ» արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում
30/06/2018 18:45

ՎիվաՍել-ՄՏՍ. նոր կայանը բջջային կապ ու ինտերնետ կապահովի «Խոսրովի անտառ» արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի հիմնական նոր կայան է տեղադրել Դահնակ լեռան վրա՝ բջջային կապ ու ինտերնետ հասանելիություն ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում: Նախագիծն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հետ գործակցության արդյունքում:

Հիմնական կայանը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ դարձնել արագ արձագանքումն արտակարգ իրավիճակների, մասնավորապես՝ հրդեհների դեպքում, ինչպես նաև տեղադրել նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ՝ տարածքի առցանց մշտադիտարկման նպատակով: Մշտադիտարկումը թույլ կտա հետևել կենդանատեսակների շարժին, ինչպես նաև կծառայի նրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմանը՝ նպաստելով արգելոցում իրականացվող գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Իրական ժամանակում տեղեկություններ փոխանցելուց բացի, հիմնական կայանը նաև հնարավորություն կընձեռի անտառապահներին օգտվելու բջջային կապից, ինչը չափազանց կարևոր է այս բարձր լեռնային գոտում:

Ծովի մակարդակից ավելի քան 2500 մ բարձրության վրա գտնվող հիմնական կայանը սնուցվում է բացառապես արևային էներգիայով: Տեղանքի ռելիեֆի բարդության ու էլեկտրամատակարարման համակարգից հեռու գտնվելու պատճառով՝ էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրից էլեկտրական գծերի կառուցումը կլիներ բարդ ու ոչ արդյունավետ: Առհասարակ՝ նման բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է շինարարական աշխատանքներ իրականացնելը: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը:

Դահնակի լեռները հարմար են արևային էներգիա ստանալու համար: Կայանը սնուցող արևային վահանակները հնարավորություն կտան ստանալ միջինում 3 Կվտ/Ժ էներգիա: Վահանակների հետ մեկտեղ նաև տեղադրված են կուտակիչ մարտկոցներ, որոնք ապահովելու են բջջային կայանի անխափան էլեկտրասնուցումը գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, իբրև պահեստային տարբերակ՝ երկարատև ամպամածության կամ առատ տեղումների դեպքում բջջային կապի ու ինտերնետի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաև ավտոմատ կերպով կգործարկվի դիզելային գեներատոր:

Դահնակի բարձունքի վրա կառուցված բջջային հիմնական նոր կայանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը, որոնք հետևում են ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին (https://www.facebook.com/MTSArmenia/): Լեռներում տեղադրված հիմնական կայանն ու շրջակա բնությունն ուղիղ եթերի միջոցով նրանց ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Facebook Live («Ֆեյսբուք լայվ») համակարգի միջոցով. «Դահնակի այս դժվարամատչելի բարձունքի վրա արևային էներգիայով սնուցվող հիմնական կայանի կառուցումը մի քանի նպատակ է հետապնդում: Հնարավորություն է ստեղծվում լայն շառավիղով ապահովել ձայնային ծառայություններ և ինտերնետ հասանելիություն, ինչը չափազանց կարևոր է անտառապահների միջև արդյունավետ կապի ապահովման և մշտադիտարկման սարքերի միջոցով տեղեկատվության առցանց փոխանակման համար: Վերականգնվող էներգիայի օգտագործումը կայանների շահագործման ոլորտում, ու նաև՝ ընկերության ծրագրերի շահառուների կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր առաքելություններից մեկն է: Չբնակեցված, դժվարամատչելի լեռնային գոտիներում հիմնական կայանների տեղադրումն ունի բացառապես բնության պահպանման գործում բնապահպաններին ու նաև էկոտուրիզմին աջակցելու նպատակ, և պայմանավորված չէ ներդրումների վերադարձելիության գործոնով», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Կայանի գործարկումը մի քանի խնդիր է լուծում, որոնցից ամենակարևորը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Դահնակ լեռան և հարակից հատվածներում վայրի կենդանիների ավելի արդյունավետ մոնիտորինգի իրականացման հնարավորությունն է։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում էլ արտակարգ իրավիճակների՝ հրդեհների դեպքում կերաշխավորի արագ արձագանքում։ Տարածքում ինտերնետ և բջջային կապի հասանելիությունն էապես կօգնի գործարկել կենդանատեսակների տվյալների հավաքագրման արբանյակային և GPS նորագույն սարքեր։ Կայանի բնապահպանական բաղադրիչը՝ արևային վահանակները, բնապահպանական մշակույթի և մտածելակերպի տարածման կարևոր խթան են, որ FPWC-ին դրել է իր առաջ հիմնադրման օրվանից։ Արևային վահանակների տրամադրումը FPWC հիմնադրամի կողմից բնապահպանական խնդիրներին միասնական լուծում տալու հասարակական կառույց-մասնավոր կառույց գործակցության հաջողված նախադեպ է»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այն ապահովում է կենդանատեսակների համար միգրացիոն միջանցք` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ծառայելով որպես բուֆերային գոտի, ուր մեծապես ավելացել է մի շարք կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի գլխաքանակը:

Դահնակում տեղադրված հիմնական կայանն այս տարածքում տեղադրված առաջին կայանը չէ: Դեռևս 2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայան էր տեղադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրերից մեկում, ինչի շնորհիվ կենսաբազմազանության ապաստարանի տարածքում և հարակից գոտիներում մինչ օրս գործում է լայնաշերտ ինտերնետ և բջջային կապ: Ապաստարանում արդեն իսկ գործում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկներ՝ առցանց կապ ապահովելով Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հետ:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com