Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում բարձր տեխնոլոգիաների ներդրումն է
28/06/2018 16:33

ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում բարձր տեխնոլոգիաների ներդրումն է

ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում բարձր տեխնոլոգիաների ներդրումն է պետական համակարգում, տնտեսության և բիզնեսի տարբեր ճյուղերում

Հունիսի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կմեկնարկի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո անցկացվող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը B2B լավագույն հարթակն է, որը միավորում է տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների, բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներին:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, -«Վերջերս կայացած ԱՏՁՄ 18-րդ համագումարի ժամանակ ներկայացրել ենք Միության տեսլականը` ուղղված Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը և դիմել ՀՀ վարչապետին, որպեսզի նախարարություններից կազմվի մի կոմիտե կամ խումբ, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիայով: Այս տարի հենց այս գաղափարի շուրջ էլ կառուցել ենք ֆորումի օրակարգը: Երկրի կոմպլեքս մոդեռնիզացյիայի համար անհրաժեշտ կոմպոնենտների (կրթություն, ռազմարդյունաբերություն, էլ. կառավարաում, կիբեռանվտանգություն և այլն) շուրջ մասնագիտական քննարկումներ կանցկացվեն և արդյունքներն ու մոտեցումները կներկայացնենք երկրի ղեկավարությանը»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, – «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Կառավարության ծրագրի մեջ առանցքային հենասյուն է հանդիսանում: Այն տնտեսության և գիտելիքահեն ու բարձր արժեք ստեղծող պետության հենասյունն է: Այս հարցին պետք է շատ լուրջ մոտենանք, հասկանանք՝ թե ինչ կառուցվածքային լուծումներ կան ոլորտում և ապա տեղափոխվենք արդեն տեխնիկական մակարդակ»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը հավելեց, որ վերջին չորս տարիներին անվտանգության ոլորտի մասնագետներն ու կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են ԴիջիԹեք բիզնես ֆորումին, որի շնորհիվ է նաև, որ տեղեկատվական անվտանգության ոլորտում առաջընթաց է նկատվում: Ֆորումի շրջանակում հիմնականում կխոսեն բիզնեսի և ինչու չէ նաև պետական կառույցների հետ համագործակցության մասին:

Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունը ապահովվում է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացման, ինչպես նաև գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավման միջոցով:  

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի շրջանակում կքննարկվեն պետական նշանակության խնդիրներն ու այլ ոլորտներում կիրառվող ՏՏ լուծումները, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն (փակ քննարկում), կրթություն, կիբեռանվտանգություն, վերականգնվող էներգիա, էլեկտրոնային կառավարում, իրերի ինտերնետ (IoT), լրացված և վիրտուալ իրականություն (AR/VR), արհեստական բանականություն և տվյալների գիտություն, ինչպես նաև ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ՝ GDPR, որը վերջին շրջանում հույժ կարևորություն է ձեռք բերել: Ամբողջական օրակարգը՝ www.businessforum.am կայքում:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո: