Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» Հեքեթոն
06/04/2018 20:14

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» Հեքեթոն

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ապրիլի 7-ից 8-ը տեղի կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները ի հայտ բերելու և զարգացնելու Հեքեթոն:

Հեքեթոնն իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 7-ին, ժամը 11:30: Միջոցառման մոդերացիան կիրականացնի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` պարոն Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան` Ն.Գ. Պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը, Լոռու մարզպետ՝ պարոն Արթուր Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ՝ տիկին Զարմինե Զեյթունցյանը, ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նահերը: Օրակարգը կներկայացնի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը:

Մրցույթի մասնակցության համար ստացվել են աննախադեպ շատ հայտեր: Ներկայացված 125 հայտից հեքեթոնի փուլ են անցել 50-ը:

Թիմերը հեքեթոնի ընթացքում (շուրջ 24 ժամ) կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա: Ապրիլի 8-ին գաղափարները կներկայացվեն ժյուրիին: Ժյուրիի անդամները կլինեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները: Հեքեթոնի ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը:

Հեքեթոնը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում `առավելապես մարզերում`շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներն ու ծառայությունները, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ :

Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետևյալ ոլորտներին վերաբերող նորարար գաղափարները.

1. Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ

2. Տեղեկատվական որոնման բարելավում

3. Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

Նպատակներից մեկն էլ Լոռու մարզում և Վանաձորում զբոսաշրջության զարգացումն է, որտեղ այն հանդիսանում է տնտեսության գերակա ճյուղ: Ողջունելի են նաև այն տեխնոլոգիական գաղափարները, որոնք կզարգացնեն ստեղծարար արդյունաբերության, ժառանգության և էկո-զբոսաշրջության ուղղությունները:

Հեքեթոնը կբացահայտի զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարները, որոնք հետաքրքիր կլինեն հայաստանյան և արտասահամայան տուրիստական շուկաների համար և կապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք:

Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2,000,000 ՀՀ դրամ, 1,200,000 ՀՀ դրամ և 750,000ՀՀ դրամի շրջանակում մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ՝ մարքեթինգային և թարգմանության ծախսեր կամ ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա :

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՎՏԿ-ի հետ [email protected] էլ. փոստի միջոցով կամ զանգահարել 060749701 հեռախոսահամարով:

Ամփոփ տեղեկություն ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին.

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։ Տևողություն՝ 01/01/2016 – 31/12/2019 (48 ամիս): ԵՄ-ի կողմից ներդրում՝ 6,400 մլն. Եվրո: Վայր՝  Հայաստան: