Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը «վայրէջք կատարեց» Վարդենիսում
31/10/2022 16:31

«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը «վայրէջք կատարեց» Վարդենիսում

Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի բացումը։ Այն իրականություն դարձավ «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), VMware ընկերության աշխատակիցների և համայնքի բնակիչների ջանքերով։

Աշխատանոցն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Մարտական ծառայության» մեդալակիր Խաչիկ Պողոսյանի անունով։

Բացմանը ներկա էին պաշտոնյաներ, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և աշխատակազմի անդամները, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խաչիկ Պողոսյանի ծնողներն ու հարազատները, այլ հյուրեր։

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում գործող ԱԹՍ աշխատանոցի սաների նախագծած ԱԹՍ-ների թռիչքով։ Այնուհետև ավագ դպրոցի սաների նախաձեռնած միջոցառմանը իրենց խոսքով հանդես եկան միջոցառման հյուրերը, տեղի ունեցան ելույթներ աշակերտների կողմից, ցուցադրվեցին անօդաչու թռչող սարքեր։

Նշենք, որ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցները նախատեսված են 14-18 տարեկան պատանիների համար։ Դրանցում նրանք հնարավորություն ունեն ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։ Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այժմ Հայաստանի 8 մարզերում գործում է 11 ԱԹՍ կրթական աշխատանոցներ

Մինչ 2022 թվականի ավարտը ԱԹՍ աշխատանոցներ կներդրվեն նաև Մարտակերտում և Արտաշատում։