Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ինչպես կփոխվի կրթությունն ու բանկային ոլորտը, արդյոք ԱԲ-ն կփոխարինի մարդկային աշխատուժին. GIF22-ն ամփոփեց աշխատանքները
07/10/2022 16:36

Ինչպես կփոխվի կրթությունն ու բանկային ոլորտը, արդյոք ԱԲ-ն կփոխարինի մարդկային աշխատուժին. GIF22-ն ամփոփեց աշխատանքները

Երկրագնդի վրա անբավարար ռեսուրսները ստիպում են մարդուն ամեն ինչ վերափոխել իր շուրջը, այդ թվում՝ շրջակա միջավայրը, որն էլ իր հերթին վտանգում է այդ նույն միջավայրն ու բերում ռեսուրսների սահմանափակման: Բայց ինչ կլինի, եթե վերափոխվի մարդ արարածը: Չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումի ընթացքում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի ելույթի հիմնական հարցադրումն է: Հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայացած «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» GIF22-ի առանցքում կյանքի տարբեր ոլորտներում արհեստական բանականության կիրառությունները, առաջ եկող մարտահրավերներն ու նորագույն լուծումների թողած ազդեցություններն են:

«Օրեր են լինում, երբ մտածում ես ամենակարող ես, քեզ ոչինչ չի կանգնեցնի, օրեր կան, ասում ես՝ «որքան փխրուն եմ ես»: «Մարդու փխրունությունը» գուցե շատ չբարձրաձայնված, բայց կարևոր թեմա է: Ծայրահեղ իրավիճակում մենք կարող ենք երեք րոպե ապրել առանց օդի, երեք օր առանց ջրի, երեք շաբաթ առանց սննդի: Երկիր մոլորակը տիեզերքից փոքր կապույտ կետ է երևում, որը միակ տեղն է, ուր կարող են ապրել մարդիկ: Միայն այդ կապույտ կետն է, որ շատ բարենպաստ ու ընկերական է մարդկանց հանդեպ: Բայց անգամ երկրագնդի վրա մարդն ապրում է սահմանափակումների ներքո և ունի հիմնարար կարիքներ, ինչպիսին են օդը, ջուրը, սնունդն ու կացարանը»,-ասաց Արմեն Օրուջյանը՝ հավելելով, որ առանց բացառության վերոնշյալի պահանջն ունեն բոլոր մարդիկ:

Այս կարիքներն առաջացնում են ռեսուրսների անբավարարություն, վախը, որ մի օր այս բոլոր ռեսուրսները սպառվելու են, ստիպում են մարդկանց տարբեր տեխնոլոգիաների միջոցով վերափոխել իրենց շուրջն ամեն ինչ: «Բայց ի՞նչ կլինի, եթե մենք սկսենք մարդ արարածի վերափոխումը: Երբ դու փոխում ես մարդուն, ինչ-որ բանի ոչ բավարար լինելը վերանում է: Միգուցե պետք է վերափոխվեն բոլոր այն տարրերը, որոնք մարդուն դարձնում են մարդ: Ինչ տեսակ մենք կդառնանք, մեր ձեռքերում է»,-եզրափակեց Արմեն Օրուջյանը:

Ի՞նչպես են փոխվելու բանկերն ու կրթության ոլորտը մի քանի տասնամյակ հետո GIF22-ի ֆիշբոլ սեսիայի առանցքում էին: «Արհեստական բանականությունը տեխնոլոգիա է, որ փոխում է խաղի կանոնները: Օգտագործելով դրանք՝ բանկերը կարող են ծառայություն մատուցել անհատականացված եղանակով»,-ասաց Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։ Նա հավելեց՝ տեխնոլոգիաները տալիս են բազմաթիվ առավելություններ, բայց և ստեղծում բազմաթիվ վտանգներ՝ հատկապես կիբերանվտանգության ոլորտում: Հետևաբար մշակվող լուծումները պետք է թիրախավորեն այս խնդիրները:

ԱՄՆ Կալիֆորինայի դպրոցների տնօրենների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալիս Պետրոսյանի դիտարկմամբ՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են հասանելի դարձնել կրթությունը յուրաքանչյուր երեխայի պահանջին համահունչ: «Մենք ապրում ենք ավանդական կրթական աշխարհում, որը փորձում ենք փոխել: Մարդկությունը բավականին լուրջ կրթական բաց ունի, քանի որ չի կարողացել բավարարել յուրաքանչյուր երեխայի պահանջը: Մենք արդեն չենք համակերպվում այն բանի հետ, որ ուսուցիչն ու դասախոսն են կենտրոնում, իսկ մյուսները լսում են: Այսինքն՝ երեխան կենտրոնում չէ: Մենք փորձում ենք երեխային բերել կենտրոն: Այսպիսով` կարծում եմ, որ արհեստական բանականությունը կարող է որոշակի փոփոխություններ բերել հենց այս ոլորտում»,-ասաց Ալիս Պետրոսյանը: Նրա խոսքով՝ անգամ զարգացած ԱՄՆ-ն չի կարողանում ապահովել լիակատար անհատականացված ու ստեղծարար մոտեցում կրթության հանդեպ: «Գուցե արհեստական բանականությունը դա անի մեր փոխարեն»,-նշեց նա:

Մասնագետները լիահույս են, որ արհեստական բանականության կիրառությունը հետազոտական և փորձարարական աշխատանքներում նոր հեռանկարներ կբացի: Stripe ընկերության պրոդուկտների ղեկավար Փոլ Չոնգը նշեց, որ իրենք վերջին 5 տարիների ընթացքում  փորձում են արհեստական բանականության միջոցով օպտիմալացնել տեխնոլոգիաները: «Մենք փորձում ենք անհատական մոտեցում ցուցաբերել մեր սպառողներին: Այն, ինչ հնարավոր չէր արհեստական բանականության դարաշրջանից առաջ, հիմա հնարավոր է»,-ասաց նա:

Խոսելով բժշկության ոլոտում ԱԲ լուծումների կիրառությունից ու հատկապես առաջ եկող խոչընդոտներից, Denovo Sciences ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Զաքարյանն ասաց. «Բժշկության ոլորտում կան ահռելի քանակի տվյալներին, որոնք, սակայն, երբեմն ոչ պիտանի են: Այս պահին արհեստական բանականության մոդելներին տվյալներ են պետք, որ ալգորիթմին մարզեն ու սովորեցնեն: Բայց երբ տվյալները որակյալ չեն կամ թերի են, չես կարող լավ մոդելներ ունենալ ու ճշգրիտ կանխատեսումներ կատարել»:

Արդյո՞ք արհեստական բանականությունը կգա փոխարինելու մարդկային աշխատուժին: «Երբ խոսվում է հեղափոխական տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության մասին, մարդիկ վախով մտածում են, թե ինչ է լինելու իրենց աշխատանքի հետ, արդյոք կկորցնե՞ն այն: Պետք չէ վախենալ արհեստական բանականությունից, քանի որ կան բազմաթիվ հետազոտություններ, որ գալիք տարիների ընթացքում ավելի մեծ թվով աշխատատեղեր ստեղծվելու են, քան փակվելու»,-նշեց այս թեմայով պանելային քննարկման մոդերատոր CNN-ի միջազգային լրագրող Լարա Ֆարրարը:

GIF22-ի շրջանակում Հայաստան էին ժամանել շուրջ 70 խոսնակ ու հյուրեր ավելի քան 20 երկրից, այն մեկ հարկի տակ է միավորել ոլորտով հետաքրքրվող ավելի քան 1000 մասնակցի։ Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցել է 26 երկրից 200-ից ավելի խոսնակ, 3500-ից ավելի ֆորումի մասնակից: