Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Կասպերսկի»-ն ավտոմատացնում է KasperskyOS-ով աշխատող սարքերի թեստավորման գործընթացը
26/11/2024 10:40

«Կասպերսկի»-ն ավտոմատացնում է KasperskyOS-ով աշխատող սարքերի թեստավորման գործընթացը

«Կասպերսկի» ընկերությունը սկսել է KasperskyOS կիբեռիմունային օպերացիոն համակարգով աշխատող սարքերի թեստավորումն ավտոմատացնող ռոբոտային ստենդների փորձնական շահագործումը: Այս պահին պատրաստ են ռոբոտի երկու աշխատանքային նախատիպեր, որոնք հագեցած են կառուցվածքով մարդու մատ հիշեցնող մանիպուլյատորով (տապսթեր): Դրանք նմանակում են օգտատիրոջ գործողությունները՝ թույլ տալով ուսումնասիրել էկրանի միջոցով սարքի հետ փոխգործակցության փորձառությունը: Ընկերությունը հայտնում է, որ ռոբոտը էապես արագացնում է թեստավորումը, ինչպես նաև ապահովում է թեստերի՝ մարդու համար անհասանելի արագություն, կայունություն և  կրկնելիություն, օրինակ՝ երբ անհրաժեշտ է տասնյակ անգամ նույն կերպ անցնել մենյուի կետերով: Ռոբոտների շնորհիվ հետազոտողները կկարողանան վերլուծել, թե ինչպես է իրեն պահում նույն սարքը, երբ կրկնում է նույն մանիպուլյացիան, բայց փոփոխված կոդով:

Ռոբոտների համար հիմք է ընդունվել  բաց կոդով Tapster 3  նախագիծը։ Սա ապարատային հարթակ է և ծրագրակազմ, որը թույլ է տալիս ստեղծել սարքավորումներ բջջային սարքերի թեստավորման համար: Այն ունի դելտա-ռոբոտների կինեմատիկա: Նման սարքերի բարձր արագության բնութագրերը, ճշգրտությունն ու հուսալիությունը գնահատվում են բժշկության և դեղագործական արդյունաբերության մեջ, որտեղ դրանք օգտագործվում են փաթեթավորման և տեսակավորման գծերում: «Կասպերսկի»-ի մասնագետները լրամշակել են նախագիծը KasperskyОS-ով աշխատող սարքերի թեստավորման համար։ Այս նպատակի համար, ըստ էության, նորից հավաքվել է մեխանիկական մասը, ինչպես նաև էապես վերափոխվել է սարքը կառավարելու ԾԱ-ն: Ապագայում պլանավորվում է ռոբոտի ֆունկցիոնալությանը ավելացնել պատկերների ճանաչման հնարավորությունը։

Մինչ այժմ ավտոմատացված է ավելի քան 20 թեստային սցենար: Դրանցից մեկը ներառում է բուն հեռախոսի և տեղադրված հավելվածների էներգիայի սպառման և ջերմային հսկողության (տաքանալու) թեստավորումը՝ սպառման փոփոխությունը հավելվածները բացելիս, փակելիս, ակտիվ օգտագործելիս: Նման հետազոտություններ կատարելու համար ռոբոտի  կառավարման արտաքին պլատային միացված են տվիչներ՝ թեստավորվող սարքի էներգիայի սպառման և իրանի ջերմաստիճանի ցուցանիշներն ստանալու համար: Լաբորատորիան հագեցած է նաև բազային կայանի էմուլյատորով, որը մասնագետներին թույլ է տալիս նմանակել զանգերն ու ՍՄՍ-ները՝ ուսումնասիրելով այս կամ այն համակարգերի աշխատանքը: Այս ամենը թույլ է տալիս բացահայտել խնդիրների լայն շրջանակ և կարճ ժամանակում գտնել օպտիմալ լուծում:

Մոտակա պլաններում է համակարգչային տեսողության միջոցով ավտոմատ չափարկումը (калибровка) և գործողություններին հետևելն ավելացնելը, ինչը, ըստ ընկերության ներքին հետազոտության, թույլ կտա ավտոմատացնել ձեռքով ամենօրյա թեստավորման ավելի քան 50%-ը։

«Ռոբոտի մոդելի ընտրության հարցում մենք կողմնորոշվել ենք սարքավորումների խոշորագույն արտադրողների փորձով: Այժմ մշակման փուլում է գտնվում ռոբոտը, որն ի վիճակի է թեստավորել աքսելերոմետրի, արագացման կամ գիրոսկոպի տվիչը, այսինքն՝ կկարողանա տարբեր հարթություններում պտտել և ֆիքսել, օրինակ՝ էկրանը շրջելիս ստուգել, թե ինչպես է աշխատում աքսելերոմետրի տվիչը»,- պատմում է  KasperskyOS-ի բազայով լուծումների բիզնեսի զարգացման ուղղության ղեկավար Դմիտրի Լուկիյանը։

«Կասպերսկի»-ն ակտիվորեն զարգացնում է մոբայլ սարքերի թեստավորման սարքավորումների համալիրը: Բացի տապսթերից, լաբորատորիան հագեցած է համաշխարհային հայտնի առաջատարների տարբեր սարքավորումներով՝ բազային կայանի էմուլյատորներով, օսցիլոգրաֆներով, էներգիայի սպառումը և սարքի մարտկոցի պարամետրերը չափող համակարգերով: Սարքերի ջերմաստիճանը չափելու և տաքացումը գնահատելու համար օգտագործվում է ջերմացույց և ջերմախցիկ: Փորձարկման ստենդներն օգտագործվում են KasperskyOS-ի տարբեր տարբերակներում ձայնային պարամետրերը ստուգելու և սցենարները փորձարկելու համար: Կան մոտեցման և լուսավորվածության տվիչների փորձարկման ստենդներ, կառուցվում են տեսախցիկի, Wi-Fi-ի, Bluetooth-ի ստուգման ստենդներ:

KasperskyOS օպերացիոն համակարգը կիբեռիմունիտետի հայեցակարգի առանցքային օղակն է։  Այն հիմնված է ի սկզբանե անվտանգ տեխնոլոգիաների և լուծումների ստեղծման գաղափարի վրա, որոնք չեն պահանջում հետագայում տեղադրվող պաշտպանության միջոցներ, այսինքն՝ հակավիրուսներ, սարքերի կառավարման միջոցներ, հակաֆիշինգային լուծումներ։ KasperskyOS-ի բազայով պրոֆեսիոնալ սարքերն արդեն աշխարհով մեկ օգտագործվում են արդյունաբերության և այլ ոլորտներում:

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։

Լրահոս