Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Իլոն Մասկի ուղերձը և Ռոդրիգո Մեսսի ելույթը Հայաստանում՝ WCIT2024/DigiTec-ի բեմից
08/10/2024 19:35

Իլոն Մասկի ուղերձը և Ռոդրիգո Մեսսի ելույթը Հայաստանում՝ WCIT2024/DigiTec-ի բեմից

Հոկտեմբերի 7-ին, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec, շրջանակներում, Play Time-ի հիմնադիր, ամերիկահայ ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմիանը փոխանցեց գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ողջույնի խոսքը․

«Ողջույն բոլորին։ Շատ եմ ափսոսում, որ այս անգամ չկարողացա Երևան գալ, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ անձամբ կմասնակցեմ։ Շատ ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու հնարավորության և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ մի շարք հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու առիթով՝ սկսած տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ ԱԲ-ի մշակում, որը կզարգացնի մարդկային ըմբռնման սահմանները»։

Իլոն Մասկ
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար

Հոկտեմբերի 7-ին, WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր՝ Ռոդրիգո Մեսսիին։ Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու:

«Շնորհակալ եմ հրավերի համար։ Ցանկանում եմ ասել բոլոր հայերին, որ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Հայաստանը շարունակաբար զարգանում տեխնոլոգիական ոլորտում, ինձ համար հատկապես գրավիչ է ստարտափ էկոհամարգի զարգացումները։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ Հայաստանում հյուրընկալելու և այս միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար։ Հուսով եմ, որ սա դեռ նոր հաջողությունների և նվաճումների սկիզբն է դառնալու»։

Ռոդրիգո Մեսսի
«Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն, Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակում անցկացվեց նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ WCIT2024/DigiTec-ի մեկնարկը ազդարարվեց Հանրապետության հրապարակում աննախադեպ բացման համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին հաջորդեց ամերիկացի երգիչ և երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։ Հաջորդ օրերին, Մարզահամերգային համալիրում, անցկացվեցին Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ և ելույթներ՝ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ։

WCIT2024/DigiTec-ը Հայաստանը վերածեց տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։