Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԻՏՁՄ. Հայտնի են «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողների անունները
04/07/2016 16:21

ԻՏՁՄ. Հայտնի են «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողների անունները

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, մասնագիտական ժյուրիի անդամները և այլ հյուրեր ու մասնակիցներ:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի պահանջները, այն է՝ հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ, հաջողությամբ կատարել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Հաղթողները կազմակերպիչների կողմից արժանացել են 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևավճարի:

Մրցույթին մասնակցել են նաև «Epic Dron», «iUAV», «Eagle Eye», «Sky protectors», «Արծիվ», «Սավառնակ» և «ՌոբոԷջմիածին» թիմերը:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթն իրականացվել է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել, խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ ՀՀ ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիական զարգացման գործում:

Հիշեցնենք, «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում ԻՏՁՄ-ն և Ucom ընկերությունը հայտարարել էին «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների մեկնարկի մասին դեռևս 2015 թ. նոյեմբերին: «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչը կայացել էր ապրիլին, որտեղ, ի դեպ, կրկին առաջին տեղ էր զբաղեցրել «Ֆայմթեք» ընկերությունը:

Լրահոս