Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վանաձորի «Իրական դպրոց»-ն ստացել է պետական արտոնագիր
15/02/2024 13:42

Վանաձորի «Իրական դպրոց»-ն ստացել է պետական արտոնագիր

Վանաձորում 2017 թվականից գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը երկարատև աշխատանքներից հետո՝ օրեր առաջ ստացել է պետական արտոնագիր և կշարունակի իր գործունեությունը սպասվող ուսումնական տարում՝ արդեն պետական թույլտվությամբ։

«Վանաձորում «Ինստիգեյթ»-ը 2010 թվականին հիմնադրել է կրթական կենտրոն, որը մեծահասակներին օգնում էր ստանալ ՏՀՏ ոլորտի մասնագիտացում, և որի շնորհիվ այսօր հարյուրից ավելի մասնագետներ աշխատում են Վանաձորում «Ինստիգեյթ»-ի հիմնադրած մի քանի կազմակերպություններում եւ այլ ընկերություններում։ Դպրոցը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Մեծահասակների համար ստեղծված 900-ժամյա դասըթացի հիման վրա ստեղծվել է քառամյա կրթական ծրագիր՝ 15-19 տարեկան երիտասարդների համար, տեղավորելով այն ուսումնարանի ձեւաչափում։ Սա թույլ է տալիս որակապես նոր մակարդակ ստանալ՝ շրջանավարտներին ապահովելով ոչ միայն գիտելիքով, այլև մի քանի տարվա աշխատանքային փորձով»,- նշում է «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի համահիմնադիր, «Իրական դպրոց»-ի հիմնադիր-տնօրեն Վահագն Պողոսյանը։

Ընդունելությունն «Իրական դպրոց»-ում սկսվում է մարտ ամսին՝ 9-րդ դասարանն ավարտող երեխաների համար։ Քառամյա կրթական ծրագրի երկրորդ տարվանից սկսած՝ ուսանողներն արդեն հնարավորություն են ստանում ուսնակության անցնելու տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ և անհրաժեշտ գիտելիքների մեծ պաշար։

«Վանաձորի  «Իրական  դպրոց»-ը Լոռու  մարզի համար  կարևոր  ձեռքբերում  է։ Այն  հնարավորություն  կտա մարզաբնակ երեխաներին՝ սովորելու  կոնկրետ  մասնագիտություն և  շատ  արագ  մտնելու  աշխատաշուկա»,- նշում է Վանաձորի «Իրական դպրոց»-ի տնօրեն Ռիմա Խանզադյանը։

Հիշեցնենք, որ «Իրական դպրոց»-ը «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի կրթական նախագծերից է, որը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։