Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
The Verge. Ինչպե՞ս ստանալ անթերի լուսանկարներ iPhone-ի միջոցով
25/01/2014 13:01

The Verge. Ինչպե՞ս ստանալ անթերի լուսանկարներ iPhone-ի միջոցով

The Verge կայքն իր The Verge At Work հոդվածների շարքի միջոցով բացահայտում է տարբեր գաղտնիքներ: Վերջերս կայքում հայտնվել է հոդված այն մասին, թե ինչպես ստանալ անթերի լուսանկարներ Iphone-ի միջոցով:

Հադվածի հեղինակ Ջորդան Օլինգերը գրում է, որ App Store-ում հարյուրավոր կամ գուցե հազարավոր հավելվածներ կան` նախատեսված նկարահանման և լուսանկարների մշակման համար: «Բավականին երկար ժամանակ ես օգտվում էի Photoforge2 և PictureShow հավելվածներից, իսկ հետո դրանք փոխարինեցի Swankolab-ով և Noir Photo-ով: Իրականում, հավելվածներից յուրաքանչյուրն էլ առնվազն մեկ կամ երկու առաջադրանք անթերի է կատարում, ինչը ստիպում է անընդհատ արտահանել լուսանկարը մի հավելվածից և շարունակել դրա մշակումը մեկ այլ հավելվածի օգնությամբ: Արդյունքն էլ ամեն անգամ, բարեբախտաբար, սպասվածից էլ ավելի լավն է»,-  նշում է Ջորդան Օլինգերը:

Հոդվածում նշվում է, որ լուսանկարի մշակման գործընթացն սկսվում է հենց լուսանկարելու պահից: Անհրաժեշտ է կարգավորել գունային բալանսն ու ընտրել լուսանկարի հստակությունը: Ճիշտ լուսանկարված բնօրինակը մի քանի անգամ հեշտացնում է լուսանկարի մշակման հետագա գործընթացը:

«Եթե կարծում եք, որ ֆոկուսը ճիշտ չի ընտրվել, ապա տեղաշարժեք այն և ևս մի քանի անգամ լուսանկարեք օբյեկտը, մինչև չստանաք այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է: Այս պարագայում կարելի է օգտագործել ավտոֆոկուսի ֆիքսման հնարավորությունը: Կոճակը սեղմելուց և շրջանակն օբյեկտի վրա պահելուն պես հավելվածն ավտոմատ կերպով ֆոկուսի մեջ է ներառում տվյալ օբյեկտն առանց ֆիքսելու մնացած հատվածները», – խորհուրդ է տալիս Ջորդան Օլինգերը:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ սմարթֆոնների շուկայում iPhone 5S-ին է պատկանում ամենալավ ֆոտոմատրիցան, որն, այնուամենայնիվ, ոչինչ է` համեմատած տարատեսակ ֆունկցիաներով հագեցած պրոֆեսիոնալ ֆոտոխցիկների հետ: Դա ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ iPhone 5S-ի ֆոտոխցիկը «բախվում է» մեծ կոնտրաստով տեսարանի հետ. կորչում են մանրամասները, շողքերն ու երանգները: Այստեղ օգնության է հասնում HDR ծրագիրը: Շատ հաճախ այն օգտագործում են անիրական լուսանկարներ ստանալու համար, բայց ավելի նախընտրելի է օգտագործել այն բջջային տեսախցիկի թերությունները կոմպենսացնելու համար:

Ինչ վերաբերում է լուսանկարների մշակման գործընթացին, ապա այսօր այն բավականին պարզ է: Նախկինում լուսանկարների հստակությունն ավելացնելու համար մենք ստիպված էինք օգտվել մի հավելվածից, կոնտրաստը կարգավորելու համար` մեկ այլ հավելվածից, իսկ ֆիլտրեր օգտագործելու համար` երրորդից: Սակայն VSCO.Cam հավելվածի ստեղծման պահից ի վեր այդ ամենն արդեն անցյալում է: Այն կարգավորումների լայն ընտրության հնարավորություն է տալիս, և որ ամենկարևորն է` հնարավորություն է տալիս կարգավորելու ֆիլտրերի ինտենսիվությունը: Այն ներառում է բոլոր փուլերը`սկած լուսանկարման պահից մինչև սոցիալական կայքերում տեղադրման պահը: Հավելվածը միաժամանակ մի քանի լուսանկար ներբեռնելու, միանման կամ չհաջողված լուսանկարները ջնջելու և իհարկե հաջողվածներն անթերի դարձնելու հնարավորություն է տալիս: Այդ ամենն իրագործվում է Sharpen, Exposure և Temperature ֆունկցիաների միջոցով:

Ջորդան Օլինգերը գրում է, որ օրական տասնյակ հավելվածներ են թողարկվում, որոնք տեսականորեն կարող են ամբողջությամբ փոխել լուսանկարելու և լուսանկարների մշակման գործընթացը: Բացի այդ, լույս են տեսնում նոր սմարթֆոններ, որոնց արտադրման ժամանակ շեշտադրումը դրվել է հենց ֆոտոխցիկի վրա և հենց դրանք էլ որոշելու են բջջային լուսանկարների ապագան: