Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը
22/06/2019 16:43

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը

Հունիսի 24-28-ը ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում կանցկացվի «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

Շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: 

«Համոզված եմ, որ «Հայաստան Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին,  կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը  որպես աշխարհին բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: Հպարտությամբ պետք է նշեմ, որ ինժեներական ոլորտի համաշխարհային առաջատարները Հայաստանում գտնում են համալիր  լուծումներ։ Չէ՞ որ տեխնոլոգիական ու ինժեներական զարգացման խթանը հենց ինքը մարդն է, իսկ Հայաստանում ապրում ու գործում են ստեղծագործ մարդիկ, որոնց շնորհիվ կարող ենք մեր երկիրը առաջատար դիրքերի բերել տնտեսական ժամանակակից մարտահրավերների պայմաններում»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:  

«Կարեւորում եմ այն, որ «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում հանդես եկող խոսնակների 90 տոկոսից ավելին հայ ինժեներներն են, որոնք կստանան հնարավորություն ցուցադրելու այն ամենը, ինչ ստեղծվել է Հայաստանում: Այսպիսով, մեր նպատակն է արտերկրից  ժամանած հյուրերին ցույց տալ, թե ինչպիսի ինժեներական ներուժ կա Հայաստանում, ինչ պրոդուկտներ են արտադրվում»,- նշել է «Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը:

«Բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված վերազգային ընկերությունների մասնակցությունը Ինժեներական շաբաթին հայաստանյան նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարթոնքն ընդգծող ևս մեկ օրինակ է։ Կենտրոնացումը ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման վրա խոստումնալից է Հայաստանի տնտեսության, ինչպես նաև իր միջազգային վարկանիշի համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ընդլայնելու հետազոտությունների ու մշակումների իր գործունեությունը,  մենք չէինք կարող բաց թողնել այս բացառիկ հնարավորությունը»,- ասել է Վահե Դանիելյանը՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին գործերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչը։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը կմեկնարկի հունիսի 24-ին՝ Երեւանում: Զուգահեռաբար Մարիոթ հյուրանոցի տարածքում կկայանա ցուցահանդես, որի շրջանակում հայաստանյան ինժեներական ընկերությունները կներկայացնեն սեփական լուծումները:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին կմասնակցեն Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային  ասոցիացիայի նախագահն ու բարձր տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ։

Հունիսի 24-ից 26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն: Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաև աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 «Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի ամփոփումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա Շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Վանաձորյան առաջին պանելային քննարկման շրջանակում հայ եւ արտերկրի խոսնակները կխոսեն Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների մասին: Մեկ այլ քննարկում նվիրված կլինի Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչությանը: Զուգահեռաբար կանցկացվի նաև ինժեներական լուծումների ցուցահանդեսը։

Շաբաթը կեզրափակվի ռոք համերգով, որը կկայանա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում:

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ), YEA Engineering,  PMI Science, Ինժեներական քաղաք (EC), Նեյշընըլ Ինսթրումենթս (NI), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ), Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիա (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն (MIC), Փրայմ (Prime):

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումների պաշտոնական բացման արարողությունը կկայանա 2019թ-ի հունիսի 24-ին, ժամը 10:00-ին Մարիոթ հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում: Շաբաթը կամփոփվի հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսով, որը կմեկնարկի հունիսի 28-ին, ժամը 11։00-ին։