Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Tech Week Gyumri 2022-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու մեկ միասնական տեխնոհամայնք
28/06/2022 15:48

Tech Week Gyumri 2022-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու մեկ միասնական տեխնոհամայնք

Բուհերի ուսանողները հնարավորություն կունենան առանձին խմբերով մասնակցելու հուլիսի 2-4-ը Գյումրիում Tech Week Gyumri 2022 տեխնոլոգիական տոնի շրջանակներում անցկացվող մրցույթներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը և GG ընկերության գլխավոր տնօրեն Քնարիկ Գրիգորյանը կիսվել են միջոցառումների շարքի վերաբերյալ մանրամասներով:

«Այս անգամ տեխնոլոգիական ոգին տանում ենք Հայքի 2-րդ քաղաք՝ Գյումրի՝ մեկ հարկի տակ համախմբելու բոլոր նրանց, ովքեր Հայքի ապագան  տեսնում են տեխնոլոգիական զարգացման մեջ»,- նշում է Գրիգորյանը։

Tech Week 2022-ը հարթակ է, որտեղ հնարավորություն  կա տեսնելու  հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերություններին, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը։ Կազմակերպիչների համոզմամբ՝ միջոցառումը կարող է ապահովել գիտելիքներ, փորձի փոխանակում: Տեխնոշաբաթը կտա նոր հնարավորություններ՝ բացահայտելու Շիրակի ողջ պոտենցիալն ու ոգևորելու երիտասարդներին՝ կառուցելու սեփական կարիերան հենց իրենց մարզում։ 

«Մեր նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք և հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։ Tech Week Gyumri 2022-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու մեկ միասնական տեխնոհամայնք և նրա միջոցով նպաստելու մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։ Նպատակներից է՝ մարզի երիտասարդների հետ հուլիսի 2-4-ը ընկած ժամանակահատվածը վերածել իսկական տեխնոլոգիական տոնի, ուզում ենք ստեղծել նոր հնարավորություններ և բացահայտենք մեր ողջ ներուժը»,- նշում է Մարիամ Համբարձումյանը։

Վերջինիս խոսքով՝ ցանկություն կար միջոցառումն ավելի մասշտաբային դարձնելու: Բացառում էին Երևանում անցկացնելու տարբերակը, վստահ լինելով, որ ոլորտն արդեն իսկ երևանակենտրոն է: Գյումրին, իրենց դիտարկմամբ, հնարավորությունների տեսանկյունից բավականին զարգացած է: Այս տարի ակնկալում են 3000-ից ավելի մասնակից ունենալ։

GG ընկերության գլխավոր տնօրենը նկատում է՝ Գյումրին Հայաստանի 2-րդ քաղաքն է՝ իր բնակչության թվով և, առհասարակ, մշակութային և քաղաքային կյանքով:

«Քաղաքն ունի տեխնոլոգիական մեծ պոտենցիալ։ Գյումրիում 2014 թվականից գործում է Տեխնոլոգիական կենտրոն, որը ստեղծում է նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի զարգացման համար։ Համայնքային համաչափ զարգացում ապահովելու նպատակով կարևոր է բացահայտել տեղում առկա ներուժը, խթանել դրա զարգացումը և, իհարկե, մոտիվացնել երիտասարդությանը»,- ասում է Քնարիկ Գրիգորյանը:

Tech Week Gyumri 2022-ը իրականանալու է հայաստանյան 3 մեգաընկերությունների՝ Instigate Mobile-ի , GG-ի  և TCF Armenia-ի շնորհիվ։

Tech Week-ի պատմությունը սկսվել է դեռևս 2019 թվականից: 2020 թվականին պետք է կայանար առաջին տեխնոշաբաթը, որն ինչ-ինչ պատճառներով չկայացավ: «Ինստիգեյթ» ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Կյուրեղյանի մոտ միտք էր առաջացել կազմակերպել ոլորտային միջոցառումների շարք Երևանից դուրս: 2021 թվականին միացան 3 ընկերություններ և կայացավ մասշտաբային Tech Week Artsakh-ը:

ՏՏ համայնքը համախմբելու նպատակով անցկացվող Tech week-ում կլինեն պանելային քննարկումներ, տարբեր մրցույթներ, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ: Տեխնոլոգիաներ, բիզնես և մարքեթինգ, UI և UX դիզայն, բրենդինգ, ստարտափեր և մոտիվացիա , ծրագրավորում, QA, բլոկչեյն և տվյալների ճարտարագիտություն, արհեստական բանականություն, Եվ այն ամենն, ինչը կապված է Հայաստանում թվային ոլորտի զարգացման հետ. առանձնացվել են նաև այս տարվա քննարկվելիք թեմաները:

«Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, «Կորիզ» գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:

Այս տարի «Կորիզ» գաղափարների մրցույթը պետք է նպաստի Շիրակի մարզի զարգացմանը։ Մասնակիցները պետք է ներկայացնեն տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն և այլ ոլորտների բիզնես գաղափարներ»,- առանձնացրեց Գրիգորյանը:

TCF ընկերության համահիմնադիրն անկեղծանում է՝ ամեն տարի փորձում են տեխնոշաբաթը յուրահատկություններով համալրել: Այս տարի ունենալու են բիզնեսխնդիրների լուծման մրցույթ, որին մասնակից են դարձնելու նաև բուհերի ուսանողներին:

«Ընկերություններն առաջադրելու են բիզնեսխնդիրներ, որոնց շուրջ աշխատելու են տարբեր բուհերի ուսանողներից կազմված թիմեր: Ընկերությունների համար ուսանողները խնդիր են լուծելու: Լավագույն  թիմերը կունենան մրցանակներ, ընկերություններին միանալու կամ ինթերշիփ անցնելու հնարավորություն»,- նշեց Համբարձումյանը:

Մրցույթներն այսքանով չեն սահմանափակվում: Վստահեցնում են՝ անակնկալներ ևս լինելու են: Կարևորում են նաև նեթվորքինգը:

«Երբ լսում ես ամերիկյան հաջողության պատմություն, ամեն ինչ այնքան հեռու է թվում։ Հետո տեսնում ես միջազգային ճանաչում ունեցող քո հայրենակիցների հիմնադրած ընկերությունները, որոնք հիմնադրել են ԵՊՀ-ի կիրառականն ավարտած մարդիկ: Հասկանում ես, որ դու ևս կարող ես հայրենիքում մնալով կերտել այն ինչ, երազում ես»,- ասաց Համբարձումյանը:

Գյումրին տեխնոշաբաթի իր հյուրերին դիմավորելու է ռոք համերգով: Մուտքն ազատ է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց հետ բերել անսպառ էներգիա և 3 օր շարունակ շնչել ու ապրել Tech Week-ի ամեն մի զարկի հետ։

Միջոցառման գործընկերներն են ՏՏ ոլորտի 40-ից ավելի ընկերություններ։ Ելույթներով հանդես կգան ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչներ:

Մասնակցությունն անվճար է։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Միջոցառումը կկայանա Գյումրու Դրամատիկական թատրոնում։

Կարինե Տերտերյան