Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
19 առաջատար ավիաընկերություն միավորող «Սքայ թիմը» դարձել է «WCIT 2019»-ի գործընկեր
06/05/2019 09:26

19 առաջատար ավիաընկերություն միավորող «Սքայ թիմը» դարձել է «WCIT 2019»-ի գործընկեր

Աշխարհի 19 առաջատար ավիաընկերություն միավորող «Sky Team Airline Alliance»-ը դարձել է «WCIT 2019 – ՏՏ համաշխարհային համաժողովի» գործընկեր՝ միջոցառման օրերին Հայաստան այցելող հազարավոր հյուրերի համար բացառիկ զեղչեր սահմանելով։ «Սքայ թիմն» իր համակարգում արդեն «WCIT 2019» անունով հատուկ էջ է բացել՝ հնարավորություն տալով առցանց ամրագրումներ անել աշխարհի ցանկացած կետից, որպես վերջնական ուղղություն նշելով Երևանը։

«ՏՏ համաշխարհային համաժողովի գործընկերների շարքում ունենալով խոշորագույն ավիափոխադրողների «Սքայ թիմ» դաշինքը, կարող ենք երաշխավորված համարել, որ միջոցառման օրերին հյուրերի տեղափոխման խնդիր չենք ունենա, չնայած այսօր արդեն պարզ է, որ մեր սպասածից ավելի շատ հետաքրքրվողներ կան հոկտեմբերին Երևանում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար»,- նշել է «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» նախագծի մենեջեր Կատերինա Դանեկինան։ 

«Սքայ թիմի» անդամ են մոլորակի գրեթե բոլոր գործարար անկյունները կապող 19 ավիաընկերություններ․ «Աերոֆլոտ», «ԷյրՖրանս», «Չայնա էյրլայնս», «Դելտա», «Չեխական ավիաուղիներ», «Քեյ Էլ Էմ», «Միդլ Իսթ Էյրլայնզ», «Կորեական ավիաուղիներ», «Ալ Իտալիա», «Տարոմ» և այլն։ Դաշինքի անդամ ավիաընկերություններն օրական 14 500-ից ավելի թռիչք են իրականացնում՝ ծածկելով աշխարհի 179 երկրի ավելի քան 1150 ուղղություն։

Ավիաընկերությունների դաշինքը մինչև 15 տոկոս զեղչ է տրամադրում «Բիզնես» և «Էկոնոմ» կարգի տոմսերի համար, իսկ առցանց ամրագրումների դեպքում լրացուցիչ վճարներ չեն գանձվի։ 

———–

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։