Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահի պաշտոնում
02/02/2024 11:26

Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահի պաշտոնում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Տեղեկատվական, թվային և տեխնոլոգիական ոլորտները համախմբող համայնքը ընդունեց Միության առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, քննարկեց առաջադրած մի շարք առանցքային հարցերը և հստակեցրեց ոլորտում առկա առաջնահերթությունները։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ինչպես 2019-ին, ԱՏՁՄ-ն ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ․ «ԱՏՁՄ թիմը ոգևորված է իրականացնել դրական փոփոխություններ, իսկ համայնքն է՛լ ավելի ակտիվ է Միության սահմանած նպատակներին հասնելու համար։ Մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է․ այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ և Միությունում ընդգրկված է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու Միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը»,- ասաց Ալեքսանդր Եսայանը:

Համաժողովին Միության խորհրդի (վարչության) որոշմամբ Սարգիս Կարապետյանը նշանակվեց ԱՏՁՄ տնօրեն։ Նա ներկայացրեց նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, և տեղեկացրեց, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ:

Համաժողովին ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ ընտրվեցին Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iX-Tech), Խաչատուր Նազարյանը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Գոռ Վարդանյանը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որն իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին: